Ազգային ժողովում նախատեսվում է քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած  երիտասարդ տղաներին հնարավորություն կընձեռվի կատարել համապատասխան վճարում  եւ զերծ մնալ քրեական հետապնդումից:

Այն, որ մեր իշխանություններն իրենց իսկ վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում բախվել են բյուջեն ամեն կերպ լցնելու անհրաժեշտությանը՝ գիտեինք, բայց որ այդ ճանապարհին պատրաստվում են խախտել ՀՀ սահմանադրությունը և սոցիալական արդարության նորմերը՝ նորություն էր: Չնայած, ինչպես ասում են՝ ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին: Ի՞նչ է ստացվում. բանակից խուսափած և երկրից բառի բուն իմաստով փախած երիտասարդները կարող են վճարել 1 մլն 800 հազար դրամ և անմիջապես դասալիքի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը կարճվում է ու նրանք կարող են վերադառնալ Հայաստան՝ ասես ոչինչ էլ չի եղել: Եվ բյուջեն կլցվի, և դասալիքները գոհ կմնան: Իսկ այն երիտասարդները, որոնք չեն կարողանա գտնել այդ ֆինանսական միջոցները, թող իրենց գլխի ճարը տեսնեն: Օրենքի նախագծի հեղինակներ Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը երևի տեղյակ չեն, որ ՀՀ սահմանադրությամբ զինապարտությունը պարտադիր է բոլորի համար՝ ոչ թե միայն սոցիալապես վատ վիճակում գտնվողների: Մայր օրենքը նաև հավասար պայմաններ է սահմանում ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Ստացվում է՝ Սահակյանը և Աճեմյանը, ձեռք-ձեռքի տված՝ ցանկանում են իրենց բարձր դասել Սահմանադրությունից և ունևոր խավի երիտասարդներին խնայելու միջոցով երկու կոպեկ ավել բերել ՀՀ դատարկ բյուջե: Ի՞նչ է եղել որ. երկիրն այնպիսի վիճակում է, որ ինչ-ինչ, բայց սոցիալապես անապահովները  մեր երկրում շատ են, բանակի համալրման խնդիր չենք ունենա: Երևի պատգամավորների պատկերացմամբ՝ պրոֆեսիոնալ բանակը հենց այսպես են կերտում, երևի ՊՆ պատկերացմամբ՝ Ազգ Բանակը սա է, սակայն նրանք չարաչար սխալվում են՝ պատերազմող երկրում դասալիքը պետք է կոչվի դասալիք և արժանանա իր համապաստախան պատժին՝ անկախ գրպանի պարունակությունից:

 

Ստելլա Խաչատրյան