Բարձրագույն դատական խորհուրդը համալիր հետազոտություններ է իրականացնում՝ դատարաններում անհարկի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ասպեկտով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը: «Ակնհայտ է, որ առանց այդ խնդիրների համարժեք ընկալման ու լուծման, հարիր չէ դատողություններ անել՝ դատավորների ողջամիտ քանակի վերաբերյալ, իսկ բնակչության քանակով դատավորների քանակը պայմանավորելը, մեղմ ասած, վիճահարույց է ու պարզունակ: Առաջիկայում այս խնդրի համատեքստում դեռ կհնչեցնեմ բազում հարցադրումներ»,- նշել է Դանիելյանը:

Նրա խոսքով՝ 2017 թ. ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ թվով 2504 քրեական գործերից 65-ով (2,5 %) հափշտակված գույքի չափը չի գերազանցել 30 հազար դրամը: «Գուցե 2,5 տոկոսը վճռորոշ չէ, սակայն ծանրաբեռնվածությունը գոյանում է նաև այսպիսի «աննշան» գործերի շնորհիվ: Հիմա հարցս. ներկայիս սոցիալական պայմաններում առաջին անգամ 30 հազարը չգերազանցող չափով հափշտակությունը (իսկ գողության դեպքում՝ անգամ 5 հազարը) ողջամի՞տ է, արդյոք, ընդհանրապես դիտարկել որպես հանցագործություն, դրանք առավել իրավաչա՞փ չէ սահմանել որպես վարչական զանցանք կամ առնվազն կարճել քրեական գործերի վարույթը և չուղարկել դատարան»,- նշել է Դանիելյանը: