Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարար Մարի Նգանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի կենտրոնական խորհրդից, Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում եղել են Շահեն Միրաքյանը, Սևակ Բելյանը և Մարիաննա Դավիթյանը:

Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամները նախարարին ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները և Կանադայի հայկական համայնքի պատմությունը:

 

Մտքեր են փոխանակվել և արդյունավետ քննարկումներ տեղի ունեցել փոքր բիզնեսի և արտահանման խթանման ուղղությամբ Կանադայի կառավարության որդեգրած քաղաքականության, Կանադայի Հայ դատի հանձնախմբի առաջիկա նախաձեռնությունների,  հայ-կանադական երկկողմ հարաբերությունների, Արցախում տիրող իրավիճակի, վերաբերյալ:

Քննարկվել են նաև Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը քննարկված հարցերի և Կանադայում հայկական համայնքի հետ կապված հարցերի շուրջ: