«Մի աչքով կուլանք, մի աչքով՝ կխնդանք: Այնքան առուներ են գումարվել իրար, որ կարող են գետեր դառնալ, որովհետև ուրիշ բան է, որ խնդիրը մեկն է բարձրաձայնում, բայց երբ դրա մասին սկսում են խոսել համատարած, դա արդեն այլ բան է: Չի եղել մեկը, որ ասի՝ այս ի՞նչ եք անում: Մարդիկ աստվածավախ են և եկեղեցական գործերի նկատմամբ զսպված են, այստեղ բարձր գնահատականը ժողովրդինն է»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը՝ խոսելով Գարեգին Բ կաթողիկոսի դեմ տարվող պայքարի մասին:

Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արագած Ախոյանի միջև բանակցություններն անպտուղ են եղել։ Ախոյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ սկսում է Մայր Աթոռի դեմ դատական գործընթացը: Բանն այն է, որ Ախոյանին պատկանող շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։

«Այո՛, կա խնդիր և շուտով կմտնենք դատական լուրջ պրոցեսի մեջ, ստիպված կլինենք կեղտոտ լվացքը փռել փողոցում՝ ոչ միայն ինձ հասցրած վնասների կամ վերադարձվող գումարների մասին, այլև պետությանը պատճառած վնասների մասին: Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ գույքս չի վերադարձնում եկեղեցին, մեծն Գարեգին Բ-ն չի տալիս ու վերջ, այդ դեպքում մենք էլ կգնանք դատարան ու ինքը պատասխան պետք է տա: Ինձ թվում էր, թե խաղաղ ճանապարհով կարելի էր հարցին լուծում տալ, բայց հիմա հասել ենք վերջնակետին. մենք մեր գործն ավարտել ենք, ինքն իր կողմից պարտավորությունները չի կատարում: Եկեղեցուց ասում են՝ գնա դատարանի միջոցով հարցդ լուծիր: Դատարան դիմելու թղթերը պատրաստվում են, երբ իրավաբանները մանրակրկիտ ուսումնասիրեն բոլոր դետալները, որպեսզի լինի այնպիսի հայցադիմում, որ ոչ ոք դրա տակից չպլստա, այն ժամանակ կմտնենք դատարան»,- ասաց նա՝ մանրամասնեկով, որ շուրջ 3 տարի է չի շփվում կաթողիկոսի հետ և նրանից պատասխանի ակնկալիք չունի:

«Մենք շփվում էին միջնորդավորված՝ սրբազան կոչեցյալների միջոցով, բայց դա էլ է սպառվել: Հեղինակավոր մարդիկ փորձեցին պարզաբանել իրականությունը, բայց ցավոք սրտի, ինչպես միշտ՝ խաբեց նույնիսկ այն մարդկանց, ում ինքը վստահում էր»,- պարզաբանեց Ախոյանը:

Ակտիվ մասնակցում էիք եկեղեցու դեմ մղվող պայքարին, և Ձեր անունը կապվում էր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման հետ՝ դիտարկմանն ի պատասխան Ախոյանը վստահեցրեց՝ ինքը որևէ կապ չի ունեցել փողոց դուրս գալու հետ: «Ես նույնիսկ փորձել եմ օգնել իրենց, երբ կոչ էին անում մտավորականությանը՝ գալ դիվանատուն և կամուրջ հանդիսանալ բողոքողների ու Մայր աթոռի միջև, բայց դա էլ չհասկացան և եկեղեցու և կաթողիկոսի շրջապատի մեղքով տապալվեց դա»,- ասաց նա:

Անդրադառնալով Կաթողիկոսին կարգալույծ անելու մասին խոսակցություններին, Ախոյանը նշեց, որ ինքը նման պահանջ չունի և նրան մշտապես հորդորել է կաթողիկոսին վայել պահվածք դրսևորել. «Իր մեջ մարդասիրական ջերմություն չկա, ավելի շատ բացարձակ իշխանության դրսևորում եմ տեսնում»:

Ախոյանի կարծիքով՝ եկեղեցու դեմ մղվող պայքարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ճիշտ էր. «Փաշինյանը հայտարարեց, որ եկեղեցին վարչապետի գործը չէ և նա ճիշտ էր: Սա բխում է մեր ազգային անվտանգության, միասնական լինելու շահերից»,- եզրափակեց Ախոյանը:

Սոնա Հարությունյան