Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության ցուցակով: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Թորոսյանը:

 

«Ես միշտ եղել եմ իմ երկրի պետականության կողքին և այդպես էլ կշարունակեմ: Ես հայտարարել եմ, որ եթե շարունակեմ խորհրդարանական գործունեությունս, ապա դա կլինի բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Ես չեմ բացառում, որ կլինեմ ՔՊ-ի ցուցակում»,- նշեց նա: Factor.am-ի ճշտող հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ այս մասին քննարկում եղել է, Շիրակ Թորոսյանը պատասխանեց, որ հարցը քննարկել է անգամ ՔՊ-ի վերին օղակների հետ:

«Պաշտոնական խոսակցություններ չեն եղել, բայց ոչ պաշտոնական եղել են: Խոսակցությունները եղել են ոչ միայն Արարատ Միրզոյանի, այլև տարբեր մարդկանց հետ: Ամենատարբեր շրջանակներում ոչ պաշտոնապես քննարկվել է, նաև բարձր մակարդակներում»,- նշեց նա:

Շիրակ Թորոսյանն ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր 2018 թվականի մայիսի վերջին: Նա որպես հիմնավորում նշել էր այն, որ անհամատեղելի են իր և ՀՀԿ-ի տեսակետները: Մինչ այս էլ նա մայիսի 8-ին քվեարկել էր Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին: Հոկտեմբերի 9-ին Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն էին ստորագրել, որոնց թվում էր նաև Շիրակ Թորոսյանը:

Ի դեպ, Շիրակ Թորոսյանի՝ ՔՊ-ի ցուցակում լինելը ևս կհիմնավորվի այն հանգամանքով, որ «բարիկադներ են ապամոնտաժվում» և բոլորը պետք է ծառայեն պետության շահերի համար:

Հիշեցնենք, որ «բարիկադների ապամոնտաժումը» սկսվեց սկանդալով, երբ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ նշանակեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին:

Հայկ Վարդանյան