«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարագրել է առանձնատուն, ինչպես նաեւ «MERCEDES–BENZ C230» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 687 500 ՀՀ դրամ:
Նշված եկամուտը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 663 000 ՀՀ դրամ, 9500 ՀՀ դրամ եւ 15 000 ՀՀ դրամ:
Տիգրան Վիրաբյանը 2016թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով նշանակվել էր «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն։ Ըստ քաղաքապետարանի հրապարակած տվյալների՝ նա դասավանդում է Շիրակի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։
Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում է նշանակվել այս տարվա հոկտեմբերի 29–ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում