Ինչպես արդեն գիտենք, հայաստանյան ընտրություններում դիտորդական առաքելություն էին իրականացնում նաև օտարերկրյա 8 կազմակերպություններից՝ 505 դիտորդներ: Վերջիններս դրական են գնահատել Հայաստանում վերջին ընտրական գործընթացները: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հոլանդիայից միջազգային դիտորդ  Բորիս դե Յոնգը (Boris de Jong) զրուցեց Հայաստանում անցկացված օրերի, երկրից ունեցած տպավորությունների մասին, ինչպես նաև համեմատականներ անցկացրեց Հայաստանի և Հոլանդիայի քաղաքականության և ընտրական գործընթացների միջև:

-Հայաստանում ի՞նչն է Ձեզ առավել շատ դուր եկել և տպավորել:

-Անչափ տպավորիչ էր Հայաստանի բազմադարյա պատմությունը և այն, թե ինչպիսին է Հայաստանը, որպես պետություն՝ այսօր: Հավանել եմ ամեն ինչ՝ սկսած հինավուրց քրիստոնեական եկեղեցիներից, մինչև համեղ ուտեստներ, շախմատի նրբաճաշակ խաղատախտակներ, որոնց հանդիպել եմ շուկայում:

-Դուք ուսումնասիրում եք քաղաքական գիտություններ: Ի՞նչ կարծիք ունեք հայաստանյան քաղաքականության մասին և ինչպե՞ս կարող եք այն համեմատել հոլանդական քաղաքականության հետ:

-Քանի որ մեր առաքելությունը առնչվում էր քաղաքականության հետ, շատ ենք հանդիպել հայերի, զրուցել նրանց հետ այս թեմայով: Կարող եմ ասել, որ բոլորն էլ լավատես են: Մարդիկ իսկապես վստահ են, որ իրավիճակ է փոխվել, և այն փոխվել է դեպի լավը: Սակայն պետք է նշել, որ հայաստանյան քաղաքականությունն այս փուլում դեռևս հստակ չէ և անկայուն է: Վերջին ամիսներին համակարգը լուրջ տրանսֆորմացիաների էր ենթարկվել, և դժվար է ասել, թե դեպի ուր կշարժվի Հայաստանը: Ես նույնպես հայերի պես հույս ունեմ, որ համակարգը կդառնա որակապես ավելի լավը և կծառայի ժողովրդին: Պետք է նշել, որ Հոլանդիայում քաղաքացիների վերաբերմունքը քաղաքականությանը՝ զգալիորեն տարբերվում է: Հանրությունը լուրջ հոռետեսությամբ է վերաբերվում քաղաքական գործընթացներին, և անջրպետը հասարակության և պետության միջև խորն է: Այնուամենայնիվ, հոլանդական քաղաքական համակարգը հզոր է: Մեզ մոտ ազատ և արդար ընտրությունները սովորական երևույթ են, և քաղաքական համակարգը գործում է կայուն և անխափան:

-Սիրեցի՞ք հայերին: Կվերադառնա՞ք հետագայում Հայաստան, եթե առիթներ լինեն:

-Սկզբում, երբ նոր էի ժամանել Հայաստան, տպավորություն էր, թե հայ ժողովուրդը շատ ամաչկոտ է: Օրինակ, երբ ես որևէ խանութ էի մտնում, մարդիկ պարզապես խուսափում էին ինձ հետ շփվել: Հետագայում, երբ ավելի շատ ժամանակ անցկացրի այստեղ, հասկացա, որ սխալվել եմ: Բոլորն էլ անչափ հետաքրքրված էին, թե որտեղից եմ ժամանել և ինչ եմ մտածում իրենց երկրի մասին: Ընտրությունների օրը բազմաթիվ քաղաքացիների հետ շփվելու հնարավորություն ունեցա, և նրանք բոլորն էլ սիրալիր էին ու ժպտերես:

Ձեր բնությունը և ճարտարապետությունը վայելելը փայլուն առիթ է, որպեսզի ևս մեկ անգամ վերադառնամ Հայաստան:

Հարցազրույցը` Արմինե Արմենակյանի