Քիչ առաջ Քննչական կոմիտեն հայտարություն տարածեց, որ ձերբակալվել է երեկ նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտող և միջադեպի մասնակից Գ. Հակոբյանը։
«15:30-ին ձերբակալվել է Գ. Հակոբյանը, Քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ 2019 թ․ հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2019թ. հունվարի 9-ին՝ժամը 15:30-ին ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ 1979թ. ծնված Գ.Հակոբյանը: Միջադեպի մյուս մասնակից՝ 1996թ. ծնված Մ. Ոսկանյանը հայտնաբերվել է»,- ասվում է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։
Նշենք, որ Գ. Հակոբանի ձերբակալման մասին ավելի վաղ հայտնել էին նաև Գլխավոր դատախազությունից, ավելի կոնկրետ, Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածելուց 50 րոպե առաջ:
Lurer.com-ի աչքից չվրիպեց, որ Քննչական կոմիտեն նշել է ձերբակալման կոնկրետ ժամը և սրանից կարելի է ենթադրել, որ դատախազությունը, Հակոբյանի ձերբակալման մասին հայտնել է այն ժամանակ, երբ վերջինս դեռ ձերբակալված չի եղել:
Կարելի է ենթադրել, որ այս երկու մարմինների մրցակցության արդյունքում, դատախազությունը ապատեղեկատվություն է տարածում, այդ կերպ կորցնելով իր հանդեպ վստահությունը:
Ի դեպ, քիչ առաջ Ռազմական ոստիկանություն է ներկայացել նաև երեկվա միջադեպի մասնակից Մերուժան Ոսկանյանը։