Աժ-ի դիմաց Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով, որ բարեկարգեն գյուղի միջհամայնքային ավտոճանապարհը։
Բողոքի ակցիայի մասնակիցներից Խիկար Գրիգորյանը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց, որ անցյալ տարի ՝ քայլարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը նրանց ասել է, որ մշակեն հողատարածքները, իսկ ճանապարհներն ինքը խոստանում է հեղափոխությունից հետո բարեկարգել․ «Մենք մշակել ենք մեր անմշակ հողերը՝ բերքատու ծառերով, մնում է, որ պարոն Փաշինյանն իր խոստումը կատարի»,- ասաց Խիկար Գրիգորյանը։
Բողոքի ընթացքում բնակիչներին մոտեցավ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հասկանալու համար նրանց խնդիրը։
Բնակիչները Ալեն Սիմոնյանին դիմեցին խնդրանքով, որպեսզի կապ հաստատի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ և հստակ պատասխան տա՝ իրենց ճանապարհը կբարեկարգվի՞ ի վերջո, թե՝ ոչ։ Հենց ցուցարարների մոտ Ալեն Սիմոյանը հեռախոսազրույց ունեցավ Հակոբ Արշակյանի հետ և նրանց փոխանցեց նախարարի դրական արձագանքը․ «Հաջորդ շաբաթ կգան մասնագետները, չափագրումներ կանեն, կգնահատեն և հետագա գործողությունների մասին ձեզ տեղյակ կպահեն։
Թող գան, հասկանան, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը, որտեղից են միջոցները գալու, նախատեսվա՞ծ է եղել, որ այդ ճանապարհն այս տարի բարեկարգվի, թե՝ ոչ։ Եթե պահանջվող միջոցները փոքր լինեն, հնարավեր է, որ պահուստային ֆոնդից տրամադրվեն միջոցներ և այս տարի բարեկարգվի, եթե մեծ գումարների մասին է խոսքը, հնարավոր է՝ մնա հաջորդ տարի»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ նախնական՝ վստահեցնում է, որ հաջորդ շաբաթ կգան ճանապարհը գնահատելու և չափագրելու։
Բնակիչները խոստացան սպասել ևս մեկ շաբաթ, բայց ոչ դրանից հետո, ոչ երբևէ՝ իրենց խնդիրն աչքաթող չեն անի և չեն բավարարվի միայն չափագրումներով՝ հետևողական կլինեն այնքան ժամանակ, մինչև բարեկարգում լինի։