ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողներից մեկը մեջբերեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի հետևյալ հատվածը.

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի' որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտք»:

Հարցին՝ արդյո՞ք սա իր վարած քաղաքականության գնահատականն է, վարչապետը պատասխանեց.

«Նա փաստացի արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել իր հայտարարությունները: Ես սովորաբար արձագանքում եմ այն հայտարարություններին, որ անձամբ կարդացել եմ: Կկարդամ, կծանոթանամ, և եթե հարկ լինի անել մեկնաբանություններ՝ կանեմ այդ մեկնաբանությունները»: