ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի «վստրեչի» կամրջից դեպի Դավիթ Բեկի փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են մոտոցիկլն ու ավտոմեքենան, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Ռոստովյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Գևորգ Մ.), «Mitsubishi iO» (վարորդ' Սևակ Բ.), «BMW X5» (վարորդ' Հրանուշ Հ.) մակնիշների ավտոմեքենաները և մոպեդը (վարորդ Տարոն Մ.):
Հրանուշ Հ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ Գևորգ Մ.-ն, Սևակ Բ.-ն և Տարոն Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան: