ՀՀ տարածքում դեկտեմբերի 2-ի ժամը 18:11-ի դրությամբ  կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մերկասառույց է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ ավտոճանապարհին, Գավառ, Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի, Ծաղկահովտի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Քաջարան և Գորիս քաղաքներում մառախուղ է:

 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա  կուտակված մոտ 230 բեռնատար:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը: