Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Անի թաղամասում: Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան խաչմերուկում բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shantnews.am-ը։
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Opel մակնիշի վարորդը՝ 39-ամյա Հայկ Միրզոյանը, ուղևոր՝ 62-ամյա Անահիտ Միրզոյանը, հոսպիտալացվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Անահիտ Միրզոյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, տուժածի մոտ ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ են կողերի և գլխի շրջանում: Հայկ Միրզոյանին, և մյուս՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի 37-ամյա վարորդին և ուղևորին՝ 32-ամյա Արփինե Պետրոսյանին, բժիշկները դեռ հետազոտում են:
Opel մակնիշի մեքենայում անչափահասներ էլ են եղել՝ 6 տարեկան Տիգրան, 8 տարեկան Անահիտ և 12-ամյա Ղուկաս Միրզոյանները: Երեխաները տեղափոխվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Տիգրան և Անահիտ Միրզոյանների մոտ թեթև վնասվածքներ են ախտորոշվել, նրանք առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս կգրվեն, իսկ 12-ամյա Ղուկաս Միրզոյանի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Ըստ աղբյուրի տղայի մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա: Վթարի վայրում կատարվում են քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: