Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներուժը պետք է կատարելագործել աշխարհում տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն հունվարի 20-ին հայտարարել է ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպման ընթացքում:

«Կազմակերպության ստեղծման պահից ի վեր շատ բան է արվել նրա ռազմական բաղադրիչի կատարելագործման համար: Ստեղծվել է ճգնաժամային հակազդման համակարգ, կազմավորվել են ՀԱՊԿ-ի (Հավաքական ուժերի) զորքերի բաղադրիչները, կանոնավոր հիման վրա անցկացվում են համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումներ»,-ասել է Շոյգուն:
Դրա հետ մեկտեղ գեներալն նշել է, որ տարածաշրջանում եւ աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունն ընդհանուր առմամբ «մնում Է բարդ»:

«Չի նվազում ճգնաժամային պոտենցիալը: Ուստի ի շահ ՀԱՊԿ-ի ուժային բաղադրիչի պատրաստության ապահովման եւ հակաճգնաժամային խնդիրների արդյունավետ լուծման այդ համատեղ աշխատանքն անհրաժեշտ է շարունակել»,-նշել է Շոյգուն:
ՀԱՊԿ-ի շրջանակում կապերի զարգացումը, նախարարի պաշտոնակատարի խոսքով, «մնում է Ռուսաստանի անփոփոխ գերակայություններից մեկը»: