Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմինե Մ.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թ. հոկտեմբերի 8-ին' ժամը 04-ի սահմաններում, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում' խոտի հակերի վրա, միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է երեխայի շնչառական անցքերը' շնչահեղձ անելու եղանակով սպանելով նրան:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենագրքի 106-րդ հոդվածի' մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը' Իրավաբան.net