Հայաստանում հեղափոխությունից հետո էականորեն մեծացավ սոցիալական մեդիայի դերը: Սոցիալական ցանցերը դարձել են քաղաքական բանավեճերի հիմնական հարթակը, որտեղ իշխանություն-ընդդիմություն դիսկուրսում անչափ ուշագրավ պատերազմներ են ընթանում: Ներկայացնենք անցած շաբաթվա ընթացքում մեր պաշտոնյաների ՖԲ ամենասկանդալային և ուշագրավ գրառումները:
 
ԱԺ աշխատակից, ՔՊ կուսակցության աշխատակից Հրաչյա Հարությունյանը սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր հայհոյախառն գրառման համար՝ այնուհետև հեռացնելով այն իր ֆեյսբուքյան էջից:
Օգտատերերի աչքից չի վրիպել նաև Հրաչյա Հարությունյանի մեկ այլ գրառում, որտեղ նա նշում է, թե իտալացիները կորոնավիրուսին երգով կհաղթեն, հայերը՝ «քրֆելով»: Ավելի վաղ նա հայհոյել էր կառավարությանը քննադատողներին: Ի դեպ, ուշագրավ է, թե ովքեր էին հավանել Հարությունյանի գրառումները:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում այս շաբաթ գրել էր. «Հարգելի ընկերներ, գործընկերներ, քաղաքացիներ, ես ցանկանում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, որ 2018 թվականին «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդում հավանության եմ արժանացրել Արման Բաբաջանյանին մեր նախընտրական ցուցակում ընդգրկելու համար: Ես իսկապես ցավ եմ ապրում, որ այդ մարդը հայտնվեց մեր թիմում և մեղավորություն եմ զգում, որ հայտնվեց պառլամենտում:Հուսամ կհասկանաք: Շնորհակալ եմ»:
Ավելի վաղ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր Էդմոն Մարուքյանի գրառմամբ և գրել. «Աստված, շնորհակալ եմ, որ թույլ չտվեցիր բաժնեկից լինել այս խայտառակությանը: Ում եմ մի կտոր հաց տվել, ով է այդ հոգին: Շնորհակալ եմ»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանին զարմացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը ԵԱՏՄ երկրների միջև սահմանը բացելու մասին:
Թևոսյանն արձագանքել է.
«Մի տեսակ աչքերիս չեմ հավատում: Բայց ուզում եմ հավատալ, որ Մարուքյանը շատ երկար է մտածել ու վերլուծել մինչև սա գրելը: Այնուամենայնիվ, կուզեի իմանալ «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերների դիրքորոշումը այս ամենի վերաբերյալ: Կիսո՞ւմ են արդյոք»:
 
Նույն Վահագն Թևոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Չեմ սիրում առանձին գործընկերների հատուկ անդրադառնալ, բայց Գևորգ Պետրոսյանի երեկվա արարքից իսպանական ամոթ եմ զգում: Հարգելի Պետրոսյանը թերևս լավ հռհռացել է վարչապետի ու քաղաքացիների հեռախոսազրույցները դիտելիս ու փորձել է այդ թեմայով սրամտություն անել: Ընկեր, հավատա, խնդրում եմ, եթե ինչ-որ բան քեզ հասկանալի չէ, դեռ չի նշանակում, որ ծաղրի ենթակա է, այն ուղղակի քեզ հասկանալի չէ: Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում»:
Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիների հետ հեռախոսազրույց անելուն՝ գրելով, որ դա «կոմեդիա» է։