Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա՝ պաշտոնյաների ամենասկանդալային գրառումները: Եվ այսպես՝
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ Սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը և չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։ Հայտնի դարձավ, որ որոշ գործատուներ անգամ պահանջել են իրենց աշխատողներից սոցիալական աջակցության մի մասը տալ իրենց։ Խոսվեց նաև այն մասին, որ մարդկանց կախյալ պահելու համար տարիներով նույն վայրում աշխատող մարդկանց հետ կնքում են ժամանակավոր պայմանագիր և պատեհ պահին հրաժարվում շարունակել այն։ Այս ամենը պետական համակարգի համար համակարգված լսելի դարձնելու համար, երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկեցի աշխատանքային իրավունքների խախտումների մասին պետական կառույցներին արագ, մատչելի և գուցե անոնիմ ազդարարելու համակարգ ստեղծելու հնարավորությունը։ Որոշ ուսումնասիրությունից հետո կլինեն նաև կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ»։
ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Էս 10 օրվա մեջ. Լավրովն ասում ա փուլային ենք քննարկում, Քյավառում իրավիճակը վերահսկողությունից դուրս ա եկել, ոստիկանության պահպանության տակ գտնվող հիվանդանոց են ջարդուփշուր անում, մարդկանց կոկորդն են կտրում, ԱԺ-ում իրար են հայհոյում, ԱԺ փոխնախագահը այգում կռիվ ա սարքում, իրեն մեղադրում են առանց դատարանի որոշման սեփականությունը վաճառելու պահանջ-վերջնագիր ներկայացնելու մեջ, Ադրբեջանը ականանետերով գնդակոծում ա սահմանը, աներձագին (իմ կումիռին) մեղադրում են 4 միլիոն դոլարի մաքսանենգության մեջ, աներձագը (իմ կումիռը) Անվտանգության ծառայության նախկին պետին մեղադրում ա շպիոնության մեջ ու էլի լիքը սենց բաներ, էս մարդը 15 րոպեն մեկ լայվի կոճակը սեղմում ա ու կոմունալների մասին ա խոսում։ Ասածս ինչ ա՝ մեկդ իրան ասեք, որ համոզվել ենք, մուծել ենք, արդեն մյուս ձմեռվանն էլ ենք պատրաստ մուծել, ու էդ հեռախոսը հեռու դրեք իրանից, գժվացրեց»։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Քանի դեռ արտակարգ դրության ռեժիմում ենք գտնվում ու, կարելի է ասել, ամենաթողություն է, քաղաքում բուռն թափով մոլեգնում են ծառահատումները, քանդուքարափն ու անհայտ ծագման շինարարությունները։ Առաջին մասում՝ Հրազդանի կիրճում, տեղի ունեցող արիշվերիշն է, հաջորդիվ Նորքի 1-ին զանգվածինը։ Երկու տեղում էլ ծառահատում է իրականացվել։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ է կատարվում քաղաքում, այն էլ այս իրավիճակում։ Չնայած՝ պատեհ պահ է և հարմար իրավիճակ և՛ բնությունը ոչնչացնելու, և՛ ծածկադմփոց անելու համար»։
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրել է. «Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»։ Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի։