Շարունակում ենք ներկայացնել անցնող շաբաթվա՝ պաշտոնյաների և հայտնի անձանց ամենասկանդալային գրառումները: Եվ այսպես՝ «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ նախագահ Բելլա Շիկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Երևան Սիթի» խանութների ցանցի մի խումբ աշխատակիցներ դիմել են մեր Աշխատողների իրավունքների պաշտպանության խմբին՝ աջակցության ակնկալիքով։ Ըստ մեր կողմից ճշտված տվյալների, «Երևան Սիթի»-ի փաստացի տնօրեն հանդիսացող Շողեր Ալեքսանյանը տեսաուղերձ-սպառնալիք է ուղարկել աշխատակիցներին, որ հանկարծ չհամարձակվեն ստանալ պետության կողմից 8-րդ աջակցության ծրագրով տրամադրվող գումարը, հակառակ դեպքում՝ ինքը աշխատավարձ չի տա այդ աշխատակիցներին»։
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր որոշմամբ մարզային անցակետերը հանվել են: Փորձը ցույց տվեց, որ անցակատերի առկայությունը կրում էր հոգեբանական բնույթ, այսինքն մարդիկ գիտեին, որ կան անցակետեր, որ իրենք տեղաշարժման թերթիկ պետք է ունենան, որ կարող է իրենց տուգանեն և հիմնականում դուրս չէին գալիս տանից: Իհարկե, քիչ թե շատ տեղեկացված անձինք հասկանում էին, որ կարող էին տեղաշարժման թերթիկում լրացնել որևէ պատճառ' օրինակ «խնամքի կարիք ունեցող անձին օգնություն» և գնալ ուր ցանկանալ: Պարզ էր, որ ոստիկանությունը չէր գնալու ստուգեր, թե իրականում ուր և ինչի համար էր գնում մարդը: Բայց սա աշխատող տարբերակ էր և շատ-շատերը անհարկի տանից դուրս չէին գալիս: Այսօր վերացվեցին անցակետերը, երբ վիրուսի տարածվելու տեմպերը չեն նվազել, շատերը մտածելու են, որ արդեն կարելի է դուրս գալ, հետևաբար և ստեղծվելու է անվերահսկելի իրավիճակ' անվերահսկելի հետևանքներով: Պետք էր պահպանել անցակետերն այնպես, ինչպես կար' միևնույն է, տեղաշարժման խիստ կարիք ունեցող քաղաքացիները հիմնականում դուրս էին գալու տանից, իսկ չունեցողները' ոչ: Հիմա շատերն են դուրս գալու»:
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրտի խոր կսկիծով իմացա, որ Գյումրու համայնքային երկու շենք ևս բռնազավթված են մասնավոր անձանց կողմից՝ մի մանկապարտեզի շենք և կենտրոնական գրադարանի շենքի մի մասը: Հարցնում եք բռնազավթվածը ո՞րն է: Բացատրեմ. առանց որևէ պայմանագրի, առանց վարձակալության որևէ հիմքի և վճարման, մարդիկ տարիներով տիրում ու տնօրինում են այդ շենքերը և փաթթած ունեն, թե դրանք իրենցը չեն: Իսկ դատարանը .... ախ, այդ դատարանները, էդ մասին մանրամասն շուտով: Էդ գործերում խառնված դատավորներին ասեք՝ վալիդոլ պաշարեն»:
ԱՀ ԱԳ նախարար, նախագահի պարտված թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, մասնավորապես, հակամարտության փուլային կարգավորման նախագծի ակտիվ քննարկման մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից վերջերս հնչեցված պնդումների կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում ընդգծել հետևյալը.
Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջնորդվում են Արցախի ժողովրդի համար երկու բարձրագույն արժեքներով. դրանք են՝ անկախություն և անվտանգություն: Ցանկացած առաջարկներ, որոնք կարող են նույնիսկ աննշան չափով սպառնալ այդ արժեքներին, Արցախի համար անընդունելի են»:
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած պատասխաններից՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համառ ջանքեր են գործադրվում հերթական փակուղային՝ փուլային տարբերակի վերակենդանացման ուղղությամբ»:
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում է մեղադրում առաջատար դիվանագետ Ս. Լավրովին։ Իսկ գուցե՞ խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է, աղջիկներ և տղաներ։ Ասենք ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ ասենք գրասեղանի։Նայեք՝ կարևորը վերջում չդառնա զոհասեղանի։ Հ. Գ. Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու վերջ»։