Շարունակում ենք ներկայացնել նախորդ շաբաթվա ամենասկանդալային գրառումների շարքը: Նախորդ շաբաթ ֆեյսբուքյան թոհ ու բոհն ապահովեց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին ուղղված գրառմամբ:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այդքան հայտնի գրառումը՝ 500 հազար աշխատավարձի և հեղափոխական թիմի՝ նվիրյալ չլինելու մասին, բացասական մեծ ալիք էր բարձրացրել։ Սակայն, որքան էլ նա մեծ հաշվով ճիշտ և բարդ թեմա է բարձրացրել, ամեն դեպքում հեռացրել է քննարկման տակ ծավածված մեկնաբանություններ: Դա նույնպես չի վրիպել սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունից:

Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ կառավարության առաջարկած միջոցառումները: Այն տպավորությունն է, որ փորձում են լրացուցիչ չափորոշիչներ ու ֆիլտրներ դնել հնարավորինս շատ մարդկանց թիրախավորելու համար: Ինչ էլ անեն, միևնույնն է կլինեն մարդիկ, ովքեր դուրս կմնան որևէ միջոցառումից: Այդքան ջանք ու եռանդ ծախսելու փոխարեն, արդյոք ճիշտ չէ՞ր լինի բոլորին մինիմալ աշխատավարձի չափով գումար տրամադրել: Ի դեպ, նման փորձ կա: Մի քանի երկիր հենց այդպես էլ վարվել են»:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպն այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք:

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուստամ ջան, (հիշում ես չէ՞ չեմ քծնում) իրավապահների համար անպայման դասընթաց արա, ուղեցույց պատրաստիր, քննարկիր, բացատրիր: Չմոռանաս ասել, որ մեկից մի գույք վերցնելուց առաջ, իրենք պիտի բացարձակ մաքուր լինեն, ու այդպիսի գույքեր չունենան»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կաթողիկոսացավով և եկեղեցացավով տառապող պատգամավորները ազնիվ կլինեն մի հատ օրենսդրական առաջարկությամբ հանդես գան և առաջարկեն որպեսզի օրենքով սահմանվի, որ Կաթողիկոսը և ՀԱԵԿ-ը իր բոլոր ծառայողներով հանդիսանում են անքննելի ու միակ սուրբ անձինք թե ՀՀ-ում, թե նրա սահմաններից դուրս, որոնց մասին որևէ խոսք կամ կարծիք ներկայացնելը դատապարտվում է ցմահ ազատազրկմամբ և ունեցվածքի բռնագրավմամբ ի օգուտ կաթողիկոսի կամ եկեղեցու»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյուլնազ տատի «ժառանգների» նյութերը մի՛ կարդացեք: Սա անպատասխանատու լրագրության գագաթնակետն է, այն էլ' արտակարգ դրության ժամանակ, երբ մարդիկ այդքան լարված են նոր իրողությունների պատճառով: Մինչև հիմա գործել ենք 100 տոկոս թափանցիկ, ու որոշումները պատրաստ լինելուն պես անմիջապես հրապարակում ենք»: Այս գրառմամբ նախարարը հերքել է տարածված տեղեկությունը, որ այս տարի հնարավոր է երեխաները ԲՈՒՀ ընդունվեն առանց միասնական քննության:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ պարգևատրվել են աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ՝ 29 միլիոն դրամի չափով։ Եվ ինչո՞ւ է այսպես, որովհետև այս իշխանության համար առաջնայինը գործը չէ, այլ դրա վերաբերյալ մարդկանց տպավորությունները։ Եթե հանրության տպավորությունները լավ են, ուրեմն քաղաքապետը կարող է հանգիստ լինել՝ բուռն գործունեության իմիտացիան ապահովված է»։