Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր մեղադրում իշխանություններին՝ խնամի-ծանոթ-բերեկամով պետական կառավարման համակարգը կոմպլեկտավորելու համար: Որպես օրինակ նա բերում էր ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների տնօրենների օրինակները, որոնք քիչ չէ նշանակվում էին վերը նշված սկզբունքով, դեռ մի բան էլ հաջողացնում էին պաշտոնավարման ընթացքում հայտնվել տարատեսակ սկանդալային պատմությունների մեջ; Դա, ըստ Փաշինյանի, խոսում էր նրանց նշանակած իշխանությունների որակի մասին:  Հեղափոխությունից հետո ՊՈԱԿ-ները, ինչպես գիտենք, օպտիմալացվեցին: Թվում էր, թե մնացյալ սեգմենտն էլ պետք է զբաղեցնեն բանիմաց կադրերը, սակայն, միայն թվում էր: Դիցուք՝ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանում շարունակում է դեռևս 2018-ից սկսված ԽԾԲ-ն։ Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, որոնք Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռևս նախորդ տարի աշխատանքի են անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։ Ի՞նչ կապ ունեն դերասաններն ընդհանրապես կենդանիների ստերջացման և խնամքի հետ, կարելի է միայն «պատկերացնել»։ Վերջերս էլ տեղեկություն տարածվեց, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում քրեական գործ է հարուցվել յուրացման և վատնման հատկանիշներով։ 
Համաձայն մամուլի հրապարակումների՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի ժ/պ Արմեն Գրիգորյանի նշանակման հարցերում դեր է խաղացել Մարությանի կինը, ով մտերիմ է նշանակված անձանց կանանց հետ և ընդհանուր զրույցներում միջնորդել է հենց նրանց նշանակել այդ պաշտոններին: Նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որին հայտ ներկայացրել էր 14 հոգի, մասնակցել էր 12-ը, հաղթող ճանաչվել՝ 7-ը: Արդյունքում՝ ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել է առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին: Իսկ ո՞վ է նա: Վարդան Վարդանյանը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն էր: Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդան Վարդանյանի «հովանավորը» պարկի նախկին ղեկավար Վահե Գուլանյանն է: Բացի այդ, այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Գուլանյանի ընկերը՝ Կարեն Ճենտերեճյանը, որը շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատուն է, նաեւ խորհրդի անդամ է, քվեարկել է հենց Վարդանյանի օգտին:  ՊՈԱԿ-ից ամենասկանդալայինն էլ թերևս, այսպես կոչված՝ ֆեյքերի ՊՈԱԿ-ն է, որը, կարծես թե, ընդհանրապես չի զբաղվում իր կանոնադրության մեջ ֆիքսված գործառույթներով, այլ ապահովում է կառավարության ֆեյք աջակիցների ծանր հրետանին…