Ֆեյքերի ՊՈԱԿ-ների ղեկավարներ, դուք մեկ առ մեկ գտնվելու եք: Կանգնեցրե՛ք պիղծ աշխատանքով զբաղվողներին, նրանց թույլ մի՛ տվեք, որ վիրավորեն, հայհոյեն զոհված զինվորներին, նրանց ծնողներին: Այս մասին հայտարարեց «Ոչ բանկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը՝ իր կազմակերպած «Ո՛չ ֆեյքերին» բողոքի ակցիայի ժամանակ:

«Ժողովուրդը դրսում, ոչ թե ֆեյսբուքում ապրող մարդիկ են: Ֆեյսբուքում ուրիշ աշխարհ է, բայց դուք՝ իշխանականներդ եք ստեղծել այդ աշխարհը ու քանդել այս պետությունը, դուք, որ պետությունից 733 մլն տրամադրել եք արժանապատիվ մարդկանց հայհոյանք գրելու համար»,- ասաց Մանուել Մանուկյանը:

Մանուել Մանուկյանը նաև նշեց, որ այն գումարները, որոնք պատերազմից հետո ծախսվում են Նիկոլ Փաշինյանի PR-ի վրա, պետք է օգտագործվեին զոհվածների ծնողներին օգնելու համար:

«Ընդդիմադիրների բողոքը, ինչ-որ տեղ, հասկանալի է, իրենց պահանջն իշխանությանն է ուղղված, իսկ իշխանությունն ումի՞ց է պահանջում»:

Նշենք, որ Մանուել Մանուկյանը պատերազմի օրերին կամավոր մեկնել էր առաջնագիծ և վիրավորվել: