Սիրելի’ գործընկերներ
Ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության շուրջ երեսունյոթ հազար մանկավարժներին՝ մայրաքաղաքի կենտրոնից մինչև ամենահեռավոր գյուղերի ուսուցիչներին:
Մենք իրար գիտենք առանց ծանոթանալու, մենք իրար հասկանում ենք կես խոսքից, շատ հաճախ՝ առանց խոսքերի, մենք նույն երամից ենք. ճախրում ենք մեր երազած հայրենիքի տիեզերքներում՝ Լուսավորչի կանթեղը մեզ համար ուղենիշ դարձրած:
Հիմա լուռ ենք:
ՄԵՆՔ ԼՈՒՌ ԵՆՔ... Մեր լռությունն այսօր նույնքան ծանրակշիռ է, որքան մեր կորուստները. մի ծանր լռություն՝ ծնված խոր տառապանքներից: Մենք լուռ ենք, որովհետև երբ սուգ է, պետք է լռել... Մենք լուռ ենք, որովհետև մեզ միշտ երկրորդ ծնող ենք զգացել ու հիմա չենք կարողանում կշռել մեր կորուստները:
Ամեն ընտանիք իր կորուստն ունի, մենք հազարներով ենք կորցրել մեր... մեր խելացի ու լուրջ, մեր ուժեղ, մեր համեստ, մեր բարի, մեր անկարգ, մեր ընկերասեր, մեր հասուն, մեր հուսալի...
Ի՞նչն ենք պակաս սովորեցրել, ի՞նչն իզուր ասացինք, էս ինչի՞ էսպես եղավ, էս ինչքա՞ն հարցեր ունենք..
Ապրում ենք՝ անցյալն ու ներկան իրար խառնած, հիշում ենք մեր առջև կանգնած ըմբոստ տղային ու չենք կարողանում մեզ ներել, որ նախատեցինք մի օր, մի քիչ խիստ խոսեցինք: Թերթում ենք օրագրերն ու մեր պարզ ու մաքուր, մեր փայլուն տղաների հետ կապված անմոռաց դրվագներ ենք վերականգնում մեր հիշողության մեջ ու... Խեղդվում ենք, մեռնում ենք, հնար չկա... Երանի ժամանակը հետ գնար, նորից մտնեին դասարան, նստեին իրենց տեղերում ու թող ինչ ուզում է անեին, նորից տեսնեինք նրանց, ամուր գրկեինք ու գոնե խոստովանեինք, որ սիրում ենք, ամուր գրկեինք ու էլ բաց չթողնեինք... Ճիշտ եմ ասում, չէ՞...
Մեր ուսուցչուհիներից մեկը, ում դասղեկական դասարանից երեք փայլուն երիտասարդ՝ Սուրենը, Գևորգը,Դավիթը, մի դասարանից միայն, զոհվել են, էլ չկան, նստել էր՝ մի բուռ դարձած, քարացած, չէր կարողանում հանգստանալ ու անվերջ նույն հարցն էր կրկնում. «Ես ի՞նչը սխալ արեցի, տեսնես ի՞նչը սխալ արեցի»:
Այս հարցը այսօր բոլորս ենք տալիս. ի՞նչն ենք սխալ արել, որտե՞ղ, ե՞րբ...
ԱՅՍՕՐ ԱՅԴ ՀԱՐՑԸ ՉԻ ՏԱՆՋՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵԿԻՆ, ԵՎ ԱՅԴ ՄԵԿԸ ԴՈՒՔ ԵՔ, ՎԱՐՉԱՊԵ՜Տ... Մենք՝ գլխիկոր, մենք՝ տապալված, մենք՝ դավաճանված:
Իսկ Դուք դեռ կաք, Դուք՝ բոլոր չուղղված սխալների, բոլոր սխալ որոշումների, բոլոր սխալ շրջադարձերի միակ հասցեատերը, Դուք դեռ կաք ու որոշել եք մնալ, մնալ՝ մեր ավերակ հաղթանակների բուրգին կանգնած, որպեսզի հերթական սանձարձակ մարտահրավերը նետեք ու Ամանորի գիշերը բիրտ դեմքով հնչեցնեք՝ Արցախի հպարտ հայություն...
Մենք՝ իրական հայերս՝ ճշմարիտ քրիստոնյաներս, մեր ժամացույցներն ուղղում ենք հայ առաքելական եկեղեցու զանգերով, մեր հոգու, մեր կյանքի ժամացույցները: Երեկ հնչեցին Արամ Ա-ի և Գարեգին Բ-ի խոսքերը, ինչպես միշտ զուսպ և ազդու... Պիտի խոսի նաև մեր լռությունը, խոսի ու պահանջի. մենք այդ իրավունքն ստացանք:
Գրիգոր Լուսավորչից հետո Մաշտոցն է խոսել ու պահպանել կանթեղի լույսը, պահել մեր ազգը:
Մի գաղափարագար չի կարող դառնալ մի ողջ ազգի ճակատագիր:
Սրբե՜ք ձեր արցունքները, ուշքի՜ եկեք, մի մարդու նման ոտքի կանգնեք ու պահանջե՜ք, պահանջե՜ք այնպես անառարկելի ու արժանապատիվ, ինչպես կարող եք միայն ԴՈԻՔ:

«Գաղափարները մեծ բաներ են: Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում ու ազնվացնում են, մի խոսքով, մարդը դառնում է գաղափարական։ Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի որևէ մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մարսվի։
Դժբախտաբար, մեծ մասամբ էսպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ։
Այո՛, սովորաբար փոքր գլուխներն իրենք են մտնում մեծ գաղափարների մեջ, ինչպես մեծ ծովի մեջ, ու էս տեսակ, մարդիկ հոգեպես, բարոյապես, մտավորապես խեղդվում են ու դառնում են ոչ թե գաղափարական, այլ, եթե կարելի է էսպես ասել, գաղափարագար։ Իսկ սա նույնքան դժբախտ երևույթ է, ինչքան խելացիի հանդեպ խելագարը։ էս տեսակ մարդիկ ոչ թե առողջ դատում են, այլ դուրս են տալիս և հավատալով, թե իրենք գաղափարի զինվորներ են, իրենք իրենց տաքանում են ու դառնում են վտանգավոր և մինչև անգամ դաժան ու գարշելի արարածներ, մինչդեռ գաղափարի մարդը միշտ գրավիչ է և ազնիվ:»

Հովհ. Թումանյան

Առանց մեկնաբանությունների:

ՀՀ վաստակավոր մանկավարժ
Երևանի Անտոն Չեխովի անվան դպրոցի տնօրեն 
Գայանե Սարուխանյան