ԼՈՒՐԵՐ․com-ը քիչ առաջ տեղեկություն հրապարակեց, որ այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորումից մահացել է հայ 32-ամյա պայմանագրային զինծառայող Վ. Խուրշուդյանը։ 

Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ ադրբեջանցի 200 զինվորական հատել է ՀՀ սահմանը, որից հետո հայ զինվորները ծեծի են ենթարկել նրանց։ Վերջիններիս մեջ եղել է նաև Ադրբեջանի բարձրաստիճան զինվորական, որն, այսպես ասած, մտապահել է իրեն ծեծի ենթարկող զինվորի դեմքը և այժմ ադրբեջանցի բազմաթիվ  դիպուկահարներ հենակետերից փորձում են որսալ հայ զինվորին։ Սա էլ հենց շարժառիթ է դարձել այսօր տեղի ունեցած կրակահերթի, որի արդյունքում հայ զինծառող է զոհվել։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ զոհված զինծառայողը Արարատի մարզի Զոդ գյուղից էր։ 

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Վերին Շորժա գյուղի մերձակայքում։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, սահմանային հատվածում: Մասնավորապես, հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Սակայն զոհված զինծառայողի վերաբերյալ ՊՆ-ն որևէ տեղեկություն չէր հայտնել, ավելի ուշ հաստատեց մեր տեղեկությունը։