Կիևում կտեղադրվի ուկրաինական բորշի հուշարձանը։ Քաղաքային իշխանությունները բնակիչներից առաջարկներ են ընդունում, թե որտեղ պետք է տեղադրեն քանդակը, հայտնում է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետարանի կայքը:
«Կիևցիներին առաջարկվում է ընտրել բորշի քանդակի տեղադրման վայրը' ազգային ուկրաինական ուտեստը հավերժացնելու և գաստրոնոմիական զբոսաշրջության զարգացման համար:
Կիևի քաղաքային խորհրդի քարտուղար Վլադիմիր Բոնդարենկոն ասել է, որ շուտով կհայտարարվի բորշի քանդակի լավագույն գաղափարի բաց մրցույթ:
«Մենք պետք է զարգացնենք գաստրոտուրիզմը, և արվեստի նոր պատկերանշանային օբյեկտը կարող է դառնալ մայրաքաղաքի զարդարանքը և անձնավորել ազգային ուտեստ պատրաստելու գաստրոնոմիկ մշակույթը»,-Բոնդարենկոյին մեջբերում է Կիևի քաղաքապետարանի կայքը: Նա նշել է, որ քաղաքային իշխանություններն աջակցում են աշխարհում ուկրաինական խոհանոցի հանրահռչակման հանրային նախաձեռնություններին:
Կիևի քաղաքապետարանը նշել է, որ հուշարձանի տեղադրման նախաձեռնողը ուկրաինացի շեֆ -խոհարար Եվգենի Կլոպոտենկոն է։ Նա նման միտք վաղուց ուներ:
«Ուկրաինայում կան բլիթների, կարտոֆիլի, թթուների, ձմերուկի, պաղպաղակի և այլ քանդակներ, բայց բորշի քանդակ չկա: Բորշը ուկրաինացիների մշակութային ժառանգությունն է, որը պետք է փառաբանել», - ասել է Կլոպոտենկոն, մեջբերում է քաղաքապետի կայքը: