Սպիտակ տունը բանակցություններ է վարում ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ SpaceX-ի Starlink արբանյակային կապի համակարգի հնարավոր ընդլայնման շուրջ դեպի Իրան: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված է իրանցիներին «հեռախոսներից և ամենուր» ինտերնետ հասանելիությամբ ապահովելու հարցում։

«Այսպիսով, Starlink-ը տարբերակներից մեկն է, բայց դա միակը չէ», - ասել է նա:

Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է անել ամեն ինչ՝ աջակցելու Իրանի ժողովրդի «նկրտումներին»։

Մասկն ավելի վաղ ասել էր, որ մտադիր է խնդրել ԱՄՆ իշխանություններին բացառություն անել պատժամիջոցներից՝ Իրանում Starlink ինտերնետ ցանցի գործունեությունը ապահովելու համար։

Սեպտեմբերի 18-ին SpaceX-ը Երկրի ուղեծիր է ուղարկել ևս 54 փոքր Starlink արբանյակ: Ընկերության տվյալներով՝ Starlink-ը կարող է ինտերնետ հասանելիություն ապահովել մոլորակի ցանկացած հատվածում՝ 1 գիգաբիթ/վրկ արագությամբ։