Արցախցիների տեղահանման վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ազատ են արձակվել տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող 10 կալանավորներ և մեկ դատապարտյալ։ Թե որտե՞ղ են նրանք այժմ, Հայաստանի իրավապահ մարմինները տեղյակ չեն։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից փոխանցեցին՝ սեպտեմբերի տեղահանումից հետո և ընդհանարապես 2023 թվականի ընթացքում Արցախից որևէ կալանավոր կամ դատապարտյալ իրենց չի փոխանցվել։ Վերջին անգամ Արցախից կալանավորներ 2020 թվականին են տեղափոխվել Հայաստան և ուղարկվել տարբեր քրեակատարողական հիմնարկներ։

Այսինքն ստացվում է, որ Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորները ազատության մեջ։ Եվ սա այն դեպքում, երբ նրանցից 6-ը մեղադրվում են պետական դավաճանության և լրտեսության մեջ։ Այս տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց Արցախի իրավապահ համակարգի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Վերջինիս խոսքով՝ սեպտեմբերի 28-ին, երբ այլևս անհնար էր կալանավորներին պահելը, իսկ նրանց Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ տեղափոխելու համար հատուկ մեքենա չկար, ստիպված Արցախի գլխավոր Դատախազությունը փոխել է կալանավորների խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին և ազատ արձակել։ Իսկ գողության համար դատապարտված անձին՝ պարզապես ազատ են արձակել։

«Իրենց այնտեղ փակած պահելը ճիշտ չէր», - ասաց արցախցի պաշտոնյան։