Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու որոշումն ընդունված է։

«Ես կասեի, որ որոշումը կայացված է, որովհետև որոշումը կապված է մեր խնդիրների կատարման հետ։ Այն է ՀԱՄԱՍ-ի բոլոր ահաբեկչական կառույցների ոչնչացումն է և պատանդների ազատ արձակումը»,- ՏԱՍՍ-ին ասել է դիվանագետը։

Բեն Ցվին նշել է առանց ցամաքային գործողության՝ նպատակներին հասնելու անհնարինությունը։ Միաժամանակ, դեսպանը կոնկրետ ժամկետներ չի հայտնել, բայց կոչ է արել արագ դադարեցնել արյունահեղությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելը ծրագրել է Գազայում գործողություն իրականացնել, որն իր դաժանությամբ աննախադեպ կլինի։ Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ծրագրվում է Գազայի ենթակառուցվածքի ամբողջական ոչնչացում՝ չնայած խաղաղ բնակչության շրջանում հնարավոր մեծ զոհերին։

ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է երկարատև ռազմական գործողությունների։

Ինչպես նշում է Bloomberg-ը, Իսրայելը ճշգրտել է ցամաքային գործողության իր պլանները ԱՄՆ-ի ճնշման ներքո։ Նշվում է, որ ռազմական հրամանատարության պլանների փոփոխությունները կարող են հանգեցնել հակամարտության երկարացման, քանի որ ճշգրտումներ են արվում հնարավոր զոհերը «սահմանափակելու» համար։