«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներից շատերի կարծիքով՝ Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացը Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի հնարավորինս սեղմ ժամկետում' արագությամբ։ Նրանք դա հասկացել են Փաշինյանի «նեղ կռուգից» ստացված կցկտուր տեղեկատվությունից։ Դեռեւս երկու ամիս առաջ Անվտանգության խորհրդի նիստերից մեկի ժամանակ Փաշինյանն «ավետել» է, որ պատրաստվեն առաջիկայում չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելուն։ Ներկաներից շատերը նույնիսկ չեն էլ հավատացել, որ այսքանից հետո վարչապետը որոշել է նման բեռ վերցնել ուսերին' նախորդ հանձնածները դեռ չմարսած:

Փաշինյանի երեկվա պահվածքից եւ Տիկտոկում հանդես գալուց հետո ակնհայտ դարձավ, որ գյուղացիներին տված խոստումը, թե' կմտածեմ, կպատասխանեմ ձեզ, հերթական սուտն է: Նա տիկտոկյան հարթակով արդեն սպառնում էր՝ եթե չտանք, պատերազմ կլինի։

Ի դեպ, երեկ վաղ առավոտյան մեզ լուրեր հասան, որ երկու ավտոբուս ոստիկանական զորք է ուղարկել Տավուշ, որտեղ նախօրեին հայտարարել էին, թե բողոքի ակցիա են անելու, ճանապարհ են փակելու։ Բայց, մեր աղբյուրի պատմելով, ոստիկանները Ոսկեպարում եղել են շատ կարճ ժամանակով' գյուղացիները նկատել եւ աղմուկ են բարձրացրել, նրանք նստել են ավտոբուսն ու հեռացել։ Իսկ բողոքի ակցիան հետաձգվել է Ոսկեպարում բնակիչներից մեկի թաղման պատճառով։

Ի դեպ, Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպմանն իր հետ տարել էր նաեւ ՆԳՆ նախարար, իջեւանցի Վահե Ղազարյանին, որ վախի մթնոլորտ ստեղծի եւ հասկացնի, որ անհնազանդները պատժվելու են»: