Արմեն Ռուստամյանը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի շանս կորցրել է: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հրավերք է ստացել Րաֆֆի Հովհանիսյանի կողմից՝ վաղը մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին՝ «Անի պլազա» հոյւրանոցում:

Aravot.am-ը տեղեկացնում է, որ այսօր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն անձամբ կմասնակցի. «Մենք շարժման մեջ հանգրվանային լուծումներ էինք առաջարկում: Վաղն էլ պատրաստ եմ գնալ եւ այդ ամենը ներկայացնել Րաֆֆի Հովհանիսյանի հրավիրած այդ կլոր սեղանին ու բացատրել՝ ո՞րն է ճիշտ ճանապարհը: Մենք ունենք հստակ ծրագիր, հստակ քայլեր, որոնք օր օրի երկրում փոփոխություն կառաջացնեն, կազատվենք այս մոնոլիտ վիճակից, այս մենիշխանությունից: ՀՀԿ-ականները երկիրը բաժանել են երկու անհավասար մասի: Ովքեր նախագահի աթոռին մոտ են՝ ամեն ինչից օգտվում են, ովքեր այդ աթոռից հեռու են՝ բախտի քմահաճույքին մատնված՝ ամեն մեկն իր գլխի ճարն է տեսնում: Այս վիճակը պիտի փոխվի»: Պարոն Ռուստամյանը նաեւ ասաց, որ իր կարծիքը հստակ արտահայտել է նաեւ հանրահավաքների ժամանակ, նաեւ դա կատարել է գրավոր. «Որպեսզի չլինի, թե խոսք ենք փոխում: Վաղը նույն բաներն եմ ասելու, բայց բացատրելով, ասելով, թե ճիշտ ճանապարհը որն էր: Իսկապես մենք մի շանս կորցրեցինք: Ամենահեշտ ճանապարհը սա էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գլխավորեր ցանկը, բոլորս մտնեինք այդ ցանկի մեջ, եւ մեր ժողովուրդն էլ հստակ իմանար, որ այս ցանկը գնում է Երեւանում քաղաքային իշխանությունը փոխի, որ հետո հստակ փոխի իշխանությունը: Ես ձեզ բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել աշխարհով մեկ, որ եկել են մայրաքաղաքում իշխանության, հետո դարձել են երկրում իշխանություն»: Նա բերեց Սահակաշվիլու օրինակը. «Մեր կողքի Վրաստանը: Սահակաշվիլին մինչեւ դարձավ նախագահ, նախ դարձավ Թիֆլիսում քաղաքապետ, այսինքն, իսկապես մայրաքաղաքը շատ մեծ նշանակություն ունի, ամենաքաղաքականացված տարածքն է, մանավանդ՝ Հայաստանի համար: Եվ այս բանը չնկատել, դրա նշանակությունը չտեսնել, կարծում եմ՝ մեծ սխալ էր: Երբ որ դա տեղի ունենար, արդեն հարց կառաջանար՝ մյուսներն ինչո՞ւ չեն մտնում այդ ցանկի մեջ: Եթե բոլորը միավորվել էին, մտել էին ցանկի մեջ, պիտի պատասխան տային դրա համար: Այդտեղ արդեն կերեւար՝ կեղծն ու շիտակը որն է: Հիմա մենք մտածում ենք գնանք ավագանիում, հանկարծ որեւէ մեկը դրժի իր խոստումը, նույնը կարելի էր նախապես անել՝ հստակեցնելով, որ ժողովուրդն էլ իմանա ում է քվեարկում, որ այնպես չլինի, որ ծպտված մեկը քվեները տանի, հետո գնա ու միանա իշխանությանը: Բայց հիմա էլ ասում եմ, համախմբումը հնարավոր է: Ես վաղն էլ եմ ասելու դրա մասին, որ հետընտրական դաշինք պետք է իսկապես ձեւավորվի: Երբ այդ վիճակն առաջացավ՝ կտեսնեք, թե ոնց են խառնվում իրար իշխանությունները: Առայժմ նրանք չեն տեսնում, որ կարող է վերածվել դա անվստահության հանրաքվեի: Հենց այդպիսի վիճակ ստեղծվի՝ անհանգստանալու են»: