ՀԱԿ ավագանու ցուցակի անդամ Արման Մուսինյանը այսօր մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ քարոզարշավից սկսած' բացի ՀՀԿ-ից, ՀԱԿ-ը քննադատական խոսք չի ուղղել քաղաքական այլ ուժերին: Լրագրողները հիշեցրեցին Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությունը Ժառանգության հասցեին: «Փետրվարի 18-ից հետո տեղի է ունեցել քաղաքական գործընթաց, և դրա գնահատականը պետք է տրվեր»,- պատասխանեց նա:

Անահիտ Բախշյանը կոչ էր արել ՀԱԿ-ին' մի կողմ դնել քաղաքական խանդը և միանալ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը: Կա իսկապես խանդ, թե՞ ոչ' Մուսինյանն ասաց. «Ես կճշտեմ' կպատասխանեմ, չգիտեմ ինչի մասին է խոսքը»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, որ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է' ընդդիմադիր դաշտի պառակտողը ՀԱԿ-ն է, բանախոսը զերծ մնաց պատասխանելուց: Նա ասաց, որ զերծ կմնա որակումներից' ելնելով նախընտրական շրջանում իրենց որդեգրած սկզբունքներից:

Արմինե Վարդանյան