Թեև ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել նախագահական ընտրություններին և չսատարել որևէ թեկնածուի, սակայն առաջիկայում ավելի դետալացված ՀԱԿ-ն իր ընտրազանգվածին, հասարակության մյուս շերտերին խորհուրդներ կտա: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: «Հնարավորությունը' կոնսոլիդացնել այս վարչախմբի դեմ հասարակության բոլոր ըմբոստ ուժերին, չստացվեց: Շատ լուրջ կոնսոլիդացիոն աշխատանքներ էին գնում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև, այլ ուժերի հետ ևս: Սակայն չստացվեց: Լիներ այդ կոնսոլիդացիան, իմաստ կունենար մտնել ու անհավասար կռիվ տալ այս վարչախմբի դեմ:

Մենք ոչ թե ձեռքերը լվանում ենք, այլ ասում ենք, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանությունը իր վարչական լծակներով, օրենքի ու օրինականության կեղծումներով, կրիմինալի մասնակցությամբ կանգնած է, և սրան պետք է քաղաքական լայն կոնսոլիդացիա հակադրել, որ տեղի չունեցավ: Իշխանությունները ամեն ինչ արեցին սա ձախողելու համար' սրա մեջ մահացու վտանգ տեսնելով»,- ասել է Արման Մուսինյանը' դերակատար քաղաքական ուժերի դիրքորոշումը համարելով ամենաճիշտը:

Լևոն Տեր-Պետրոսյանը ևս, ըստ նրա, չառաջադրվելու իր որոշմանը ճիշտ հիմնվորում է տվել, թեև ինչ հիմնավորում էլ ներկայացներ, կլինեին մարդիկ, որ դրանք կհամարեին ոչ համոզիչ. «Նախագահն իր խոսքում ամբողջությամբ եղել է ժողովրդի հետ ծայրաստիճան անկեղծ»: Նրա խոսքերով՝ Հայաստանի նման պայմաններում, ընդդիմության ռեյտինգը ընկնում է, և այն, ինչ արել է ՀԱԿ-ը, հերոսություն է. «Կան մարդիկ, ովքեր չեն դիմանում երկարատև պայքարին: Դա երկարատև պայքարի տրամաբանության մեջ է: Այն մարդիկ, ովքեր պաշտոնապես դուրս են եկել ՀԱԿ-ի կազմից, մինչ օրս որևէ բանական բացատրություն չեն ներկայացրել»:

Արման Մուսինյանը նշել է, թե հասարակությունը ՀԱԿ-ից հիասթափված չէ. «Մեր համակիրները քաղաքացիական բարձր գիտակցություն ունեն, հասկանում են, որ ռեժիմի դեմ պայքարը մեկօրյա չի, հասկանում են, որ այս որոշումները կայացնում են կոնկրետ պետության, ժողովրդի շահերից ելնելով» Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ըստ նրա, շարունակում է մնալ քաղաքականության մեջ: Այս պահին ընդամենը հայտարարել է, որ չի առաջադրում թեկնածությունը նախագահական ընտրություններում:

Իսկ պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀԱԿ-ը չի սատարում Հրանտ Բագրատյանին, բանախոսն ասել է. «Հրանտ Բագրատյանը մոտ մեկ շաբաթ առաջ պաշտոնապես սառեցրեց անդամությունը ՀԱԿ քաղխորհրդում: Երեկ տեղի ունեցած նիստին նա հրավիրվել էր, որտեղ քննարկվելու էր նախագահական ընտրությունների ձևաչափը և միգուցե նրան սատարելու հարցը: Նա չէր մասնակցել, և քախորհրդի բոլոր անդամները կոնսենսուսով որոշել են ընդունել այն որոշումը, որ դրված է Ձեր սեղանին»: