Այսօր լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն, որ 191 դպրոցում տեղակայված 8/23 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են հօգուտ ՀԱԿ-ի:

Լուրեր.com-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանն ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Վերջինս նշեց, որ երիտասարդին, ում մոտ մեկ ծրարում երեք քվեաթերթիկ է հայտնաբերվել, նկատել է հանձնաժողովի կոնգրեսական անդամը:

«Ընտրախախտումների այս տարափում փորձ է արվում զանազան կեղծիքներով շեղել հասարակության ուշադրությունը հանրապետականի կողմից ամեն րոպե կատարվող ապօրինություններից, հանցագործություններից: Սրա համար պատրաստ են նույնիսկ գետնով տալ բանականություն ու տրամաբանություն ասվածը: Այնպես որ, չարժե զարմանալ: Իրավապահները պարտավոր են պատասխանատվության ենթարկել այդ սադրանքի ինչպես կատարողներին, այնպես էլ հեղինակներին»,-ասաց Մուսինյանը: