ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը արդեն Երեւանից մեկնել է Գավառ, որտեղ, ըստ տեղեկությունների՝ բախում է տեղի ունեցել սպանված զինվորի հարազատների ու ոստիկանության աշխատակիցների միջեւ, որոնք չեն թույլատրում, որ սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները զինվորի դին տեղափոխեն Երեւան՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ի նշան բողոքի:
«ՀՀ ՊՆ-ը արդեն դուրս է եկել, նա մեկնում է ընդառաջ զինվորի հարազատներին»,-այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ի՞նչ բախում է տեղի ունեցել զինվորի հարազատների հետ եւ ինչու, նա պատասխանեց. «Համենայնդեպս, ՊՆ ոչ մի աշխատակցի հետ չի եղել բախումը»:

Իսկ հարցին, թե ինչու՞ են արգելում, որ զինվորի հարազատները բերեն սպանված զինվորին Երեւան, ՊՆ մամլո խոսնակը ասաց. «Համենայդեպս, ՊՆ-ն չի արգելում եւ դեմ չէ, որ բերեն Երեւան»:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Այսօր առավոտյան Լյուքս Ստեփանյանի հարազատները ի նշան բողոքի իրենց սպանված որդուն որոշել են տեղափոխել Երեւան: Նրանց հետ առանձին մեքենայով նաեւ սպանված զինվորի հարազատներն են:
ԳԱԼԱ-ի նկարահանող խումբն այս պահին շարժվել է դեպի Երեւան-Սեւան մայրուղի, որտեղ, ըստ տեղեկությունների, արգելում են զինվորի հարազատներին առաջ շարժվել:
Մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:

Քրիստինա Մկրտչյան