Զինծառայողների միջանձնային հարաբերությունների, զինված ուժերում արձանագրված միջադեպերին նպաստող պայմանների եւ պատճառների մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցերին է պատասխանում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

-Նոյեմբերյանի զորամասում զինծառայողի սպանության թեման ցնցեց հասարակությանը: Բայց տեղի ունեցածը մշտապես կարող է դատապարտված լինել հերթականը լինելու, եթե պատկան մարմինները, բանակի սպայական կազմը, ի վերջո, մեր հասարակությունը համապատասխան հետևություններ չանի: Արդ, ինչ հետևություններ պետք է արվեն…

-Հոգի խոցող ողբերգություն էր: Տվյալ դեպքում ամենասարսափելին այն անհեթեթ պատճառն է, որ հանգեցրել է ողբերգության: Ինչևէ. հարկավոր է սթափվել և հետևույթուններ անել:

Առաջին հետևությունը թերևս այն է, որ չի կարելի անուշադրության մատնել պատանի զինվորների վիճաբանությունը: Բանն այն է, որ պատանեկության տարիքին բնորոշ է ինքնասիրության սրված զգացողությունը: Հենց այդ է պատճառը, որ այս տարիքում աննշան պատճառով ծագած վեճը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների: Ես լավ գիտեմ այն ահռելի ծանրաբեռնվածությունը, որում գտնվում է մեր սպայակազմը, սակայն առիթն օգտագործելով ուզում եմ խնդրել մեր հրամանատարներին. անուշադրության չմատնել ժամկետային զինծառայողների միջև ծագած վեճերը: Սա հատկապես վերաբերում է դասակ – վաշտ օղակների հրամանատարներին, ովքեր անմիջականորեն են շփվում ենթական անձնակազմի հետ: Առաջինից բխում է նաև հաջորդ՝ երկրորդ հետևությունը. որպես կանոն ողբերգական պատահարների հիմնական պատճառն անվերահսկելիությունն է, իսկ վերջինս առաջանում է այն դեպքում, երբ զորային կառույցի այս կամ այն օղակում ինչ-որ մեկը թերանում է: Հարկավոր է խնդիրը ճիշտ ձևակերպել. զինծառայողների միջև կոնֆլիկտներն անխուսափելի են: Հետևաբար, խնդիրն այդ կոնֆլիկտները ժամանակին վերահսկելի դարձնելն է, որպեսզի դրանք չվերաճեն ողբերգության: Այդ առումով, ի դեպ միանգամայն ադեկվատ պետք է համարել ողբերգությանը հետևած պաշտոնանկությունները, քանզի պատժվել են նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին ապահովել անհրաժեշտ վերահսկողությունը:

-Հաճախ է խոսվել ժամկետային զինծառայողներին միավորող փոքր օղակներում միջանձնային հարաբերությունների անվերահսկելիության դրսևորումների մասին, որոնք էլ որպես կանոն հանգեցնում են նման, երբեմն նաև՝ ողբերգական միջադեպերի: Ասել է, թե՝ զինծառայողների միջև հասունացող կոնֆլիկտները վերահսկելուն կոչված հիմնական օղակներում պետք է փնտրել շան գլուխը: Միով բանիվ, որքանով կարելի է պաշտոնանկությունները համարել խնդրի լուծման սկզբունքային, այլ ոչ՝ հատվածական, պահով թելադրված լուծում:

-Տվյալ դեպքում իսկապես պաշտոնանկությունները հարկ է դիտարկել որպես անհրաժեշտ, սակայն իրադրական լուծում, առավել կարևոր են հիմնարար լուծումները: Այսպես. զորային կառույցի ստորին օղակներում վերահսկողության անընդհատության ապահովումը պաշտպանության նախարարի անընդհատ ուշադրության առարկան է: Հենց այդ նպատակով է վերջին տարիներին հետևողական աշխատանք է տարվում վաշտ օղակում պրոֆեսիոնալ, իրավիճակը վերահսկելու ունակ հրամանատարական կազմ ձևավորելու ուղղությամբ:

Տեղի ունեցածը ցնցել է բոլորին, հետևաբար անգամ ամենածայրահեղ գնահատականներն ու կոչերը պետք է օրինաչափ համարել: Այստեղ ամենակարևորն այն է, որ դրանց զգալի մասը մարդկանց անկեղծ սրտացավության և մտահոգության դրսևորումն է: Կա ևս մեկ հանգամանք. մարդիկ ցանկանում են ուղիղ պատճառահետևանքային կապ տեսնել տարվող աշխատանքի և նման դեպքերի բացառման միջև: Հենց դա է պատճառը, որ նման մեկ ողբերգությունն անգամ ջուրն է գցում զորքերում տարվող ողջ աշխատանքը, քանզի հանրային ընկալումներում տպավորություն է ստեղծվում, թե ոչինչ չի արվում: Ցավալին հենց սա է: Մարդիկ հարց են տալիս, թե եթե գործ արվում է, ապա ինչո՞ւ տեղի ունեցավ ողբերգությունը: Ահա թե ինչու նման դեպքերն առաջին հերթին հարված է նախարար Օհանյանի թիկունքին: Հարված է թիկունքին, քանզի մարդկային ողբերգության ֆոնին կատարված աշխատանքի մասին չես կարող խոսել, քանզի մարդիկ դա ընկալում են որպես արդարացում կատարվածի համար: Բայց ի՞նչ արդարացման մասին կարող է խոսք լինել, երբ պատանի զինվոր է զոհվել: Հարված է թիկունքին, քանզի աննկարագրելի է այն հոգեվիճակը, երբ ասելիք ունես, բայց միաժամանակ չգիտես թե ինչ ասես, քանզի ինչ էլ ասես որդեկորույս մոր վիշտը չես սփոփի: Բայց միևնույն ժամանակ էլ մարդիկ պետք է վստահ լինեն որ գործ է արվում բանակում: Իսկ այդպիսի վստահություն ձևավորելու համար աշխատանքի արդյունքները հետևողականորեն պետք է ի ցույց դնել:

-Չեք կարծում, որ այս համատեքստում մենք լուրջ բացթողում ունենք քարոզչական ճակատում:

- Իսկապես զորքերում տարվող ամենօրյա աշխատանքը հանրության համար կարծես թե տեսանելի չէ: Բանն այն է, որ կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքն անընդհատ բնույթ ունի, իսկ այն ինչ անընդհատ է, առօրեական, սովորական արտառոց չէ, հետևաբար նաև՝ ակնառու էլ չէ: Մինչդեռ ողբերգական պատահարն՝ ընդհակառակը՝ ակնառու է: Ողբերգական միջադեպն անմիջապես հանրային ընդվզում է առաջացնում, մինչդեռ առօրյա տիտանական աշխատանքը, դրա արդյունքը, հենց նույն այդ ողբերգական դեպքերի թվի կրճատման տեսքով կարծես թե չի ընկալվում:

-Այ դուք խոսում եք բանակում կատարված հսկայական աշխատանքից: Բայց, այն միջանձնային հարաբերությունները, որոնց հետևանք են նման տխուր իրադարձությունները, արդյոք երիտասարդության շրջանում արմատավորված հոգեբանության հետևանք չե՞ն: Ի վերջո, բանակը հո Մարս մոլորակում չէ, այնտեղ արտացոլված են մեր հասարակության մեջ առկա բոլոր թերություններն ու բացերը:

-Այդ թեզը, թե բանակը հասարակության հայելին է, որքան էլ, որ այն օբյեկտիվ հիմքեր ունենա այսօր ժխտելի է բանակում, այն չի ընդունվում որպես արդարացում: Բանակն ունի ինստիտուցիոնալ հնարավորություններ նվազագույնի հասցնելու այն հոռի երևույթները, որոնք հասարակությունից ներթափանցում են բանակ. ահա° նախարար Օհանյանի դիքորոշումն այս հարցի վերաբերյալ: Նման դրվածքը սկզբունքային նշանակություն ունի, քանզի կանխում է լճանացումը զորային կառույցի ստորին օղակներում:

Հիմա հարկավոր է ուշքի գալ և շարունակել աշխատել:

Նկարը՝ civilnet.am-ի

Հեղինակ:
Անահիտ Եսայան