«Գնահատականը, իհարկե, ես' որպես անհատ, կարող եմ տալ, իսկ զուտ մասնագիտական գնահատականը կտա արդեն ոստիկանությունը, իսկ հետագայում' նաև դատախազությունը: Իհարկե, բացասական է իմ գնահատականը, ցանկացած միջադեպ, ցանկացած նմանատիպ երևույթ բացասաբար է անդրադառնում մեր կյանքի վրա»,- ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Սյունիքի մարզում հնչած կրակոցներին, ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը:

Մեր այն հարցին, թե նմանատիպ երևույթները չե՞ն խոսում արդյոք այն մասին, որ երկրում արմատացած է անպատժելիության մթնոլորտ, ԱԺ պատգամավորն արձագանքել է. «Աշխարհի ցանկացած երկրում էլ նմանատիպ դեպքեր լինում են, և դա չի նշանակում, որ անպատժելիության մթնոլորտ կա: Որտեղ գազ' այնտեղ հակագազ. կա դեպքը, ուրեմն կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»:

Հիշեցնենք, որ երեկ' հունիսի 2-ին, ժամը 00:10-ի սահմաններում կրակոցներ են հնչել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան ուղղությամբ: Արդյունքում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը:

Փայլակ Ֆահրադյան

Լուսանկարը՝ Գ. Շամշյանի