Lragir.am. Մինչ Գազպրոմը Հայաստանում ընդլայնում է իր տիրույթները, հասցնելով Հայռուսգազարդում իր մասնաբաժինը 100 տոկոսի, Եվրոպայում Գազպրոմի դրությունը կարծես թե բարդանում է: Եվրոպական դատարանը որոշել է, որ Գազպրոմը պետք է հետ վերադարձնի գերմանական RWE ընկերության վճարումների մի մասը, որը կարող է կազմել մոտ 400 միլիոն դոլար: Դա պատճառ է հանդիսացել, որ Գազպրոմի բաժնետոմսերի գինն իջնի 2009 թվականից ի վեր նվազագույն աստիճանի:
Միեւնույն ժամանակ, Եվրոպայում հայտնաբերում են թերթաքարային գազի պաշարներ, որոնք կարող են փոխել Եվրոպայի էներգետիկ բազան: Դրան զուգահեռ, հունիսի 28-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանական Շահ-Դենիզ-2 հանքավայրը տնօրինող էներգետիկ կոնսորցիումը որոշել է, թե որ ճանապարհով է գազը տեղափոխելու Եվրոպա: Ընտրվել է տրանսատլանտյան գազամուղը, ինչը արժանացել է Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոյի ողջույնին: Առաջիկա տարիներին գազամուղն ըստ ամենայնի կկառուցվի, Եվրոպան ապահովելով այլընտրանքային գազամուղով: Դա Գազպրոմի ապագան էլ ավելի մշուշոտ կդարձնի Եվրոպայում:
Եվրոպական հեռանկարների այդ մոխրագույնը հազիվ թե Գազպրոմին ստիպի ագրեսիվանալ հայկական ուղղությամբ: Հայաստանում նա չի գտնի համարժեք որեւէ բան, որ կփոխհատուցի Եվրոպայում Գազպրոմի կորցնելիքը:
Բայց, ընդհանուր առմամբ, չի բացառվում, որ եվրոպական հնարավոր ֆիասկոն Գազպրոմին ստիպի ագրեսիվանալ ընդհանրապես հետխորհրդային այն երկրների հետ հարաբերություններում, որոնք գազ են գնում Գազպրոմից:
Հայաստանը Հայռուսգազարդի 20 տոկոս բաժնեմասի գնով հույս ունի առաջիկա հինգ տարում զսպել Գազպրոմի ագրեսիան: Համենայն դեպս, այդպես են հայտարարում Հայաստանի պաշտոնյաները: Կարծես թե այդ մասին խոսել է նաեւ Գազպրոմի ներկայացուցիչ Կուպրիյանովը, ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Պարզ չէ, թե ինչ մեխանիզմով է լինելու պայմանավորվածությունը: Գազպրոմը թուղթ ստորագրելու՞ է, որ ստանալով 20 տոկոսն ու դառնալով Հայռուսգազարդի 100 տոկոս բաժնետեր, հինգ տարի շարունակ չի թանկացնի գազի գինը Հայաստանի համար: Թե՞ ամեն ինչ լինելու է բանավոր պայմանավորվածությամբ: Եթե պայմանավորվածությունը լինի բանավոր, ապա ոչ մի երաշխիք չկա, որ հարկ եղած դեպքում ռուսական կողմն ինչ որ պատրվակ կգտնի գազի գինը վերանայելու համար: Այդ դեպքում ինչ պետք է անի Հայաստանը:
Հայաստանը պետք է ժամանակ չկորցնի եւ զբաղվի էներգետիկ այլընտրանքի գործուն մշակումներով: Այդ այլընտրանքը պետք է լինի բազմազան՝ ՀԷԿ-եր, արեւային էներգիայի, քամու էներգիայի կայաններ, նաեւ Իրանի հետ գազային հարաբերության հստակեցում եւ դրան ավելի լուրջ, ռազմավարական բնույթի հաղորդում: Դրան զուգահեռ, Հայաստանը պետք է կրկնապատկի ջանքը նոր ատոմակայանի կառուցման համար: Այդ գործում Հայաստանի հիմնական գործընկեր հռչակվել է Ռուսաստանը, բայց ռուսներն ավելի գործնական են Թուրքիայում նոր ատոմակայան կառուցելու հարցում, քան Հայաստանում: Հետեւաբար պետք է փնտրել նոր գործընկեր, կամ էլ ներքին ռեսուրսներ՝ գործընթացը գոնե սկսելու համար, մինչեւ ընթացքում կլինեն նոր աղբյուրներ:
Դա կստիպի, որ Գազպրոմը Հայաստանի հետ այլեւս չխոսի բարձրից: Սակայն դրա համար կարեւոր է, որ Հայաստանի իշխանությունն էլ «բարձրից» չխոսի Հայաստանի քաղաքացիների հետ: Հակառակ դեպքում, էներգետիկ այլընտրանքների որոնումներն անիմաստ կլինեն, քանի որ դրանք արդյունավետ կարող են լինել միայն Հայաստանի ստեղծագործական պոտենցիալի վրա հիմնված լինելու պարագայում: Իսկ այդ պոտենցիալի լիարժեք դրսեւորման թիվ մեկ գրավականը ներքին կյանքում ազատության առավելագույն եւ օրինականության եւ արդարադատության բացարձակ մակարդակն է:
Հայաստանը ներկայում շատ հեռու է դրանից, հետեւաբար հեռու է նաեւ էներգետիկ այլընտրանքից: Էներգետիկ այլընտրանքը պահանջում է ֆինանսական զգալի ներդրումներ, ինչն օրինակ կարող էր ապահովել Հայաստանի ընդերքը, եթե պետությունն իր մասնակցությունն ունենար հանքարդյունաբերական նախագծերում եւ դրանից քաղեր ոչ միայն հարկեր, այն էլ պարզ չէ՝ որքանով արդարացի եւ արդյունավետ, այլ նաեւ շահույթ: Այդ շահույթի շնորհիվ հնարավոր կլիներ ձեւավորել ռազմավարական հիմնադրամ, որը կֆինանսավորեր պետության անվտանգության եւ զարգացման համար կարեւորագույն նախագծեր, այդ թվում էներգետիկայի ոլորտում:
Մինչդեռ ոչ միայն դա չկա, չկա նաեւ տնտեսական ներքին ազատություն եւ մրցակցություն, որը հնարավորություն կտար երկրում ձեւավորել ժամանակակից իրողություններին առավել ադեկվատ կապիտալ, որը ցուցադրական բարեգործությունների քողի տակ անխնա շռայլության եւ ցոփության վերածվելու փոխարեն, կվերածվեր զարգացման ռեսուրսի՝ դրանում տեսնելով նաեւ իր անվտանգությունը: 

 

Ջեյմս Հակոբյան