Ստամբուլում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը: Այն կտևի մինչև հուլիսի 3-ը:

Ըստ ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքէջի, լիագումար նիստերում և ԽՎ-ի երեք հանձնաժողովներում նախատեսված են երկու տասնյակից ավելի հարցերի քննարկումներ, մասնավորապես, Սիրիայում հումանիտար ճգնաժամի, ԵԱՀԿ տարածքում կրոնի և մամուլի ազատության, կլիմայի փոփոխության վերաբերյալ:

Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, Վեհաժողովն այսօր օրակարգից հանել է Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման մասին բանաձևը: Այն օրակարգում ներառվել էր Նիդերլանդների նախաձեռնությամբ: Դրանում հիշատակված էին Միխայիլ Խոդորկովսկու դեպքը և «Մագնիտսկու օրենքը»:

Ռուսաստանյան պատվիրակության ղեկավարը բանաձևն անվանել է «հակառուսաստանյան»: Ըստ նրա՝ «բանաձևը հայտարարում է, որ Ռուսաստանն ի զորու չէ ապահովել մարդու իրավունքները»:

Ռուսական կողմը հայտնել է իր դիրքորոշումը, համաձայն որի բանաձևն օրակարգում ընդգրկելը կվնասի ԵԱՀԿ-ի հեղինակությանը: Արդյունքում՝ ԵԱՀԿ անդամ 57 երկրները դեմ են քվեարկել բանաձևի քննարկմանը: