Եգիպտոսի զինվորական հրամանատարությունն այս գիշեր հրամայել է դադարեցնել երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին համախոհ հեռուստաալիքների աշխատանքը: Արաբական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ փակվածների ցուցակում է ընդգրկվել նաև «Մահմեդական եղբայրներ» շարժմանը պատկանող հեռուստաալիքը: Բացի այդ, Եգիպտոսից իր հեռարձակումներն է դադարեցրել «Al Jazeera» հեռուստաալիքը, որը նույնպես համակրանք էր արտահայտում Մուրսիի նկատմամբ: ««interfax»-ը» տեղեկացնում է, որ որոշ ժամանակ առաջ Եգիպտոսի անվտանգության աշխատակիցները ներխուժել են «Al Jazeera»-ի ստուդիա և ձերբակալել մի քանի աշխատակիցների: Իշխանությունից հեռացված Մուրսիի փոխարեն երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնին նշանակվել է Սահմանադրական դատարանի 68-ամյա նախագահ Ադլի Մանսուրը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Մուրսին հրապարակել էր կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին առաջարկություն: Այդ հայտարարությունը կատարվել էր երկրի զինվորական հրամանատարության կողմից քաղաքական ուժերին ուղղված վերջնագրի ժամկետը լրանալուց անմիջապես հետո: Մուրսիի առաջարկությանը համապատասխան՝ քաղաքական գործիչները պետք է կատարեին ժողովրդի կամքը և դադարեցնեին արյունահեղությունը: Երեկոյան, երբ քաղաքական իրավիճակը կայունացնելու ուղղությամբ նախագահը չձեռնարկեց ոչ մի քայլ, զինվորները իրավիճակի հսկողությունը վերցրին իրենց ձեռքը: