Երեկ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետ նշանակվեց ԱԺ պատգամավոր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը։

Վերջինս 2012 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել թիվ 38 ընտրատարածքից։

ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց, որ ընթացակարգի համաձայն Ազգային ժողովը կազմում է պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն, որն ուղարկում է ԿԸՀ, այնուհետև անցկացվում են լրացուցիչ ընտրություններ։

«Այս պահի դրությամբ որևէ արձանագրություն ԿԸՀ-ն Ազգային Ժողովից չի ստացել», - ասաց Հերմինե Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր գնդապետ Արտակ Բուդաղյանը և Ս.Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել են հրազենային վնասվածքներ։

Միջադեպից հետո Սուրեն Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում հայտնում էր մարզպետի իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Նշենք նաև, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով՝ «այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծի են ենթարկել, նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում, մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով՝ ավտոմեքենայից սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»: