ԱՄՆ-ի Կոնգրեսում ԿՀՎ նախկին աշխատակից Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ կոչ է արվել բոյկոտել Սոչիում անցկացվելիք Օլիմպիական խաղերը: Բոյկոտի նախաձեռնությամբ հանդես է եկել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը: Ամերիկյան սենատորների շրջանում այս կոչն այլ համախոհներ չի գտել: Գրեմի կարծիքով՝ Բարաք Օբաման պետք է դիտարկի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի մասնակցության բոյկոտման հնարավորությունը, եթե Ռուսաստանը ապաստան տրամադրի Սնոուդենին: «Ես այդ կերպ ռուսներին կուղարկեի ամենահստակ և միանշանակ ազդանշանը, որը միայն հնարավոր է»,-Hill պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Գրեմը:
Նրա հետ չի համաձայնվել նույնիսկ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, ում Ռուսաստանի ԱԳՆ-ն որակել է որպես ռուսաֆոբ: «Մենք շատ բան կարող ենք անել, եթե Ռուսաստանն ընդունի Սնոուդենին, սակայն չեմ կարծում, թե Օլիմպիադան բոյկոտելու մեր վերջին փորձից մենք շատ բան շահեցինք»,-նշել է Մաքքեյնը:
ԱՄՆ-ն 1980-ին բոյկոտել էր նախկին ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում Օլիմպիական խաղերը, որին իր հերթին ԽՍՀՄ-ը պատասխանեց 1984-ին Լոս Անջելեսի խաղերին մասնակցելու մերժումով: