Օրեր առաջ ԳԱԼԱ-ն անդրադարձել էր ՊՆ համակարգում 13 տարի շարունակ աշխատած ավագ լեյտենանտ Արշավիր Լազարյանի ընտանիքի խնդիրներին:

Հիշեցնենք, որ ավագ լեյտենանտը իր անչափահաս հինգ երեխաների և հղի կնոջ հետ միասին հայտնվել էր դրսում, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա պատմել էր, որ չունի տուն, իսկ բնակարան վարձել այլևս չի կարող:

Լազարյանի սոցիալական վիճակը խիստ ծանր է նաեւ այն պատճառով, որ նրա երեխաներից մեկը գլխի հետ կապված խնդիրներ ունի, որը պահանջում է երկարատեւ եւ նյութական մեծ ծախսեր պահանջող բուժում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը արձագանքել է ԳԱԼԱ-ի լուսաբանմանը: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ավագ լեյտենանտի ընտանիքն ու նրա խնդիրները հայտնվել են նախարարության բարձրաստիճան ղեկավարների ուշադրության կենտրոնում, եւ Ա. Հովհաննիսյանի խոսքերով՝ ինքը անձամբ խնդիրը ներկայացրել է ՀՀ ՊՆ փոխնախարարին, եւ փորձում են նրա խնդրին լուծում տալ, որպեսզի սոցիալապես ծանր վիճակում հայտնված ընտանիքը անչափահաս 5 երեխաներով չմնա փողոցում:

Նշենք, որ 5 հայ երեխաների հայր ավագ լեյտենանտ Արշավիր Լազարյանի ընտանիքը դրսում է հայտնվել այն պատճառով, որ ՊՆ համակարգում բնակբաշխման համակարգի աշխատակիցներին ներկայացրած փաստաթղթերը կորել են, եւ նա դուրս է մնացել հերթացուցակից:

Galatv.am-ի հետ զրույցում նա ասել էր. «2001 թ-ին Քանաքեռ տան հերթի կանգնեցի, այնուհետ երկու տարի առաջ՝ 2011թ հետաքրքրվեցի, նախարարություն դիմեցի, ստուգեցին, ու պարզվեց՝ ինձ ոչ էլ հերթի են վերցրել: Իսկ իմ պայմանագրին մնացել է մոտավորապես երկու տարի ավարտվելու, որից հետո ես դուրս եմ գալու համակարգից: Բացատրեցին, որ 2009-ին բացթողումներ շատ էին լինում, և եղավ այնպես, որ ես ինքս ընկա այդ բացթողումների տակ: Իմ թղթերը փաստորեն առաջ չեն տվել, հավանաբար կորել են, և ես մնացել եմ դրսում»:

ՊՆ մամլո խոսնակը ներկայացրեց նաեւ. «Մենք տվյալ սպային ծառայության ողջ ընթացքում բազմիցս օգնել ենք ամենատարբեր հարցերում, հատկացվել են դրամական օգնություններ, խրախուսանքներ և այլն: Տան հարցով էլ ՀՀ ՊՆ-ը հերթացուցակ է գրանցում, որով էլ հատկացնում է այդ բնակարանները, հարկավոր է համապատասխան փաստաթղթերը հավաքել և ներկայացնել հերթագրման, եթե ամեն ինչ նորմալ ներկայացվել է, հնարավոր չի այն կորի, քանի որ կան համապատասխան մեխանիզմներ»:

Բացի դրանից ՊՆ մամլո խոսնակը ասաց նաեւ՝ ՊՆ կօժանդակի, որ Ա. Լազարյանը նորից ներկայացնի փաստաթղթեր եւ գրանցվի որպես բնակարանի շահառու ՊՆ համակարգում:

«Հորդորում ենք ավագ լեյտենանտ Արշավիր Լազարյանին իր փաստաթղթերը հավաքել և ներկայացնել հերթագրման»:

Հավելենք նաեւ, որ մեր այս հրապարակմանը արձագանքել են նաեւ ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից: ՄԻՊ-ի գրասենյակից զրուցել են Ա. Լազարյանի հետ, նաեւ խոստացել օժանդակություն ցուցաբերել, որ ընտանիքը գոնե օգտվի ընտանեկան նպաստի համակարգից եւ երեխաները պետությունից դրամական օժանդակություն ստանան:

Քրիստինա Մկրտչյան