«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի այսօրվա նիստում մեղադրող կողմը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանին (դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ) ներկայացրեց գործից անջատված մասով ձեռք բերված մի շարք ապացույցներ: Ներկայումս դատարանում քննվող 6 անձանց կողմից տուժող Վահե Ավետյանին ու մյուս տուժողներին տարբեր աստիճանի վնասվածքներ հասցնելու ու ծեծի ենթարկելու մայր գործից անջատվել էր գործ բռնարարքին հնարավոր այլ մասնակից անձանց հայտնաբերելու նպատակով:

Մեղադրող Արմեն Մարուխյանը, մասնավորապես, դատարանին ներկայացրեց Ֆուտբոլի ակադեմիայի տեղազննության արձանագրությունը՝ ըստ դրա, տարածքում որևէ տեսաձայնագրող սարքեր չեն հայտնաբերվել: Մեղադրող կողմը դատարանին ներկայացրեց նաև տեղազննությանը մասնակցած ընթերակաների՝ Հովհաննես Բարսեղյանի և Արկադի Սեմյոնովի հաշվառման հասցեների մասին ոստիկանության տեղեկանքը: Մեղադրող կողմը դատարանին ներկայացրեց նաև Ֆուտբոլի ակադեմիայի շենքում համակարգչատեխնիկական փորձաքննության եզրակացությունը:

Դատարանն այսօր ճշտեց նաև տուժող կողմի դիրքորոշումը վերջինիս կողմից դեռևս 2012թ. հոկտեմբերին՝ սույն գործով դատավարության նախապատրաստական փուլում ներկայացված երկու տասնյակ միջնորդությունների վերաբերյալ, որոնց քննարկումը հետաձգվել էր մինչև գործով էական հանգամանքների պարզումը: Միջնորդություններն ուղված են, տուժող կողմի կարծիքով, գործի նախաքննության ընթացքում բացթողումների ու թերությունների շտկմանը:Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը պնդեց միջնորդությունները ողջ ծավալով:

Տուժող կողմը, մասնավորապես, պնդեց, որ դատարան հրավիրվեն ու հարցաքննվեն Ֆուտբոլի ակադեմիայի տեղազննությանը մասնակցած երկու ընթերակաները՝ կողմը չի վստահում քննիչին, ուստի «այլ տարբերակ չկա՝ կամ ընթերակաները պետք է հարցաքննվեն, կամ քննիչը»:Տուժող կողմը կասկածներ ունի, որ տեղազննությանը մասնակցած ընթերակաները՝ Հովհաննես Բարսեղյանը և Արկադի Սեմյոնովը իրականում ներկա չեն եղել տեղազննությանը:

Տուժող կողմը հայտարարեց, որ ոչնչացվել են հանցագործությանը այլ անձանց մասնակցության մասին վկայող ապացույցները՝ Վահե Աետյանին վերնաշապիկը, Արտակ Բայադյանի կոշիկները, դեպքի վայրում արյան հետքեր չեն հայտնաբերվել այն դեպքում, որ հայտնի է, որ տուժողներից երեքը՝ Վ.Ավետյանը, Ա.Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը ստացած վնասվածքների հետևանքով արյունահոսել են: Տուժող կողմի երկայացուցիչը միջնորդեց տեղազննություն անցկացնել դեպքի վայրում՝ տուժողների մասնակցությամբ:Կողմը պնդեց նաև Վ.Ավետյանի դատաբժշկական կրկնակի փորձաքննություն նշանակելու, մի շարք հեռախոսահամարների խոսակցությունների վերծանումներ անցկացնելու միջնորդությունները:

Ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի և Արման Բաղդասարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը առարկեց բոլոր միջնորդությունների դեմ: Ըստ նրա, դրանք ակնհայտ անհիմն են, նույնիսկ դատարանի բազմաթիվ հարցերից հետո տուժող կողմի ներկայացուցիչը չփորձեց օրենքով սահմանված կարգով հիմնավորել իր ներկայացրած միջնորդությունները: Պաշտպանի համոզմամբ, տուժող կողմի ներկայացուցիչը չի էլ ցանկանում, որ դրանք բավարարվեն, որպեսզի դրանով տպավորություն ստեղծվի, թե իբրև դատարանը գործում է ի նպաստ ամբաստանյալների: Ըստ պաշտպանի, դատարանում «բազմիցս ականատես եղանք հակառակին՝ որ դատարանը պարբերաբար բավարարել է տուժող կողմի նախկինում հարուցված անհիմն միջնորդությունները»:

Օգոստոսի 9-ի դատական նիստում միջնորդությունների շուրջ քննարկումը կշարունակվի:

Հեղինակ:
«Փաստինֆո»