Կրթության և գիտության նախարարության շենքի դիմաց ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներն ընդունել են ԿԳ նախարար Արմեն Աշտոյանի հետ իր աշխատասենյակում հանդիպելու առաջարկը:

Նշենք, որ մինչ այդ ուսանողները պահանջում էին, որպեսզի նախարարն ինքն իջնի իրենց մոտ' պատճառաբանելով, որ հարցի քննարումը չի կարող լինել կուլիսային հանդիպման ձևով, և դրան ներկա լինելու և մասնակցելու իրավունք ունեն ակցիայի բոլոր մասակիցները հավասարապես:

Այդուհանդերձ, մի քանի հոգանոց խմբով բարձրանալով նախարարություն և հանդիպելով նախարարի հետ, ուսանողները հրաժարվել են սենյակային քննարկումից' պնդելով իրենց առաջարկը, որ նախարարն ինքն իջնի շենքի բակում հավաքվածների մոտ:

Արմեն Աշոտյանը մերժել է նախարարությունից դուրս խնդիրը քննարկելու առաջարկը, ինչից հետո ուսանողները լքել են շենքը, իսկ նախարարը համաձայնել է պատասխանել սրահում մնացած լրագրողների հացերին:

Արմեն Աշոտյանը ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնել է, որ հանրապետության բազմաթիվ բուհերից ուսման վարձերը բարձրացրել են միայն 5-ը:

Նախարարը նաև նշել է, որ ուսման վարձերը թանկացել են միայն բակալավրիատ նոր ընդունված ուսանողների և մագիստրատուրայում ուսումը շարունակել ցանկացողների համար:

Արմեն Աշոտյանը հավաստիացրել է, որ վերջին տարիներին ուսման վարձերը չեն բարձրացել բացառապես իրենց միջամտությամբ:

«Ամեն տարի այս հարցը բարձրացվել է, և մենք իրենց խնդրել ենք, որպեսզի չբարձրացնեն»,- ասել է նախարարը, հավելելով. «Ասել, որ կարող է ինչ-որ մեկը կողմ լինել ուսման վարձերի բարձրացմանը, առհասարակ անհեթեթ է, չի կարող բանական մարդը կողմ լինել թանկացումներին»:

Նախարարը նաև շեշտել է, որ այս տարի ընդունված ուսանողները նախապես են իմացել ուսման վարձերի բարձրացման մասին: Միաժամանակ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ կառավարությունը սոցիալական փաթեթ է մշակել մեղմելու համար ուսման վարձերի բարձրացման հետևանքները:

«Պետությունը պետք է 23 տարվա բուհական անկախության այս դրսևորումը սահմանափակի, օրենք ընդունի, որով կսահմանվի ուսման վարձերի վերին շեմ, երկրորդ' պետք է անպայման նոր հնարավորություններ ստեղծվեն խոցելի խմբերի ուսանողների համար, մեր գերագույն նպատակն է, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող վարձի պատճառով բուհից դուրս չմնա, երրորդ ուղղությունը բուհերի բյուջեների ծախսման թափանցիկությունն է, մենք պետք է ձեզ հետ միասին իմանանք, թե բուհերը, որոնք գանձում են ուսանողից ուսման վարձերը, ինչպես են այդ գումարները ծախսում»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Բայցևայնպես, նախարարի խոսքով, բուհերը ֆինանսական լավ վիճակում չե և այդ պատճառով բուհական համակարգում առաջիկայում նոր ցնցուներ են սպասվում. Այս անգամ կրճատումների տեսքով: Ըստ կրթության և գիտության նախարարի, բուհերի աշխատակազմերն այսօր 10-20 տոկոսով ուռճացված են, ընդ որում, ոչ միայն դասախոսական կազմով, այլև սպասարկող անձնակազմի աշխատակիցներով: