2009թ-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատած Գևորգ Պետրոսյանի գնահատմամբ՝ Հայաստանում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակը ոչ բավարար է, որի համար ըստ նրա՝ իրենց բաժին մեղքն ունեն ոչ միայն գործատուները, այլ նաև աշխատողները։

«Միշտ էլ, տնտեսական վայրիվերումներին զուգահեռ, ամենաառաջինը տուժում են մարդկանց աշխատանքային իրավունքները, քանի որ իրենց արտադրատնտեսական շահերից ելնելով՝ գործատուները ստիպված են լինում շրջանցել աշխատանքային օրենսդրությունը, կրճատել հաստիքներ, փոփոխել աշխատողների աշխատանքի պայմանները, աշխատողներին ազատել աշխատանքից, որը զուգորդվում է աշխատողների իրավունքների ամենատարբեր խախտումներով»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

«Կան նաև օրենքի պահանջներից միտումնավոր շեղվող գործատուներ, անպատժելիության զգացում ունեցողներ, տարբեր են պատճառները։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների ու հանգամանքների վերլուծության համադրման արդյունքում, որպես աշխատանքային իրավունքնի մասնագետ, գտնում եմ, որ աշխատողների օրինական շահերի պաշտպանվածության վիճակը Հայաստանում բավարար չէ»,- ավելացրեց նա։

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ և՛ պետական, և՛ մասնավոր հիմնարկներում խախտումները բազմաթիվ են, իսկ դրանք կանխելու համար առաջնահերթ է նաև օրենքն իմանալը: «Մենք առաջին հերթին պետք է իմանանք մեր իրավունքները, երբ օրենքը չի կիրառվում՝ ասում ենք՝ խախտում են թույլ տալիս։ Հասկացանք, բայց մենք նույնպես չէ՞ ի վիճակի ենք մեր իրազեկվածության շնորհիվ կանխել այդ խախտումը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ Հայաստանում դեռ ցածր է մեր իրավունքներից օգտվելու մշակույթը, քանի որ հաճախ ամաչում կամ ալարում ենք օգտվել իրավունքից, հետո մեղադրում ենք ուրիշներին:
Մասնագետի գնահատմամբ՝ պետք է ինչպես պետական, այնպես էլ հասարակական մարմիները հետևողական վերահսկողություն իրականցնեն աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ, բացառվի թողտվությունը, իսկ մեղավորների պատասխանատվությունը դառնա անպայման, անխուսափելի, անշրջանցելի։

«Չեմ ուզում անուններ տալ, բայց դուք լավ գիտեք, որ ՀՀ-ում կան բազմաթիվ կազմակերպություններ, որտեղ ոչ մի տեսուչ տարիներով չի էլ մտել, կամ էլ մտել է, մի թեթև խախտում արձանագրել, մինչդեռ գիտենք, որ այդ կազմակերպություններն առանց լուրջ խախտումների չեն կարող աշխատել ու գոյատևել»,- նշեց նա։

Tert.am - Նախկին նախարարը չի ուզում ասել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը շատ վատն է և ոչ էլ հակառակն է պնդում, որ կատարյալ օրենսդրություն ունենք. «Բայց եթե եղած օրենքներն էլ կենսագործվեն, մենք հպարտորեն կարող ենք ասել, որ ապրում ենք իրավական և սոցիալական պետությունում»։
Դիտարկմանը, որ քաղաքացիներն օրենքի իմացության դեպքում էլ շատ ժամանակ չեն բարձրաձայնում, որովհետև վախենում են աշխատանքը կորցնելուց, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Մենք՝ Հայաստանի հայերս, չունենք մեր իրավունքներից օգտվելու սովորույթ։ Մտածում ենք՝ ո՞նց կլինի հա՛մ աշխատեմ, հա՛մ էլ գնամ դատի տամ։ Ներողություն, բա ի՞նչի համար է այդ դատարանը ստեղծվել։ Եթե մենք ինքնադատաստանի սկզբունքով առաջնորդվենք կամ հետևողական չլինենք մեր խախտված իրավունքների պաշտպանության գործում, բա ինչի՞ համար են մեզ պետք դատարանները»,- հարցեց նա։

Մասնագետը հստակեցրեց, որ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը իրականացվում է դատարանների կողմից, ինչպես նաև Արհմիությունների (Արհեստակցական միությունների) կողմից։ Մինչդեռ նա նկատեց, որ արհմիություների լիազորությունները 2000թ.-ից ի վեր էապես սահմանափակվել են, և եթե նախկինում, ի թիվս նաև այլ կարևոր լիազորությունների, նրանց վերապահված էր գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ նախնական գրավոր համաձայնություն տալու և աշխատանքային վեճերը քննելու իրավունքները, ապա ներկայումս այլևս այդպես չէ։

«ՀՍՍՀ 1972 թ-ի հունիսի 16-ի աշխատանքային օրենսգրքով աշխատողին ցանկացած դեպքում առանց արհմիության համաձայնության չէին կարող ազատել աշխատանքից։ Հիմա այդ ամենն արհմիություններից վերցվել են, և այսօր նրանք շատ դեպքերում «զեղչով հանգստյան ուղեգիր» դասավարողի կարգավիճակում են, ավելի շատ անդամավճար է տալիս աշխատողը, քան օգտվում է արհմիության պաշտպանությունից»,- ասաց նա։
Ավելին, ըստ Գևորգ Պետրոսյանի՝ վերջերս կառավարությունը որոշել է Աշխատանքի պետական տեսչությունը Առողջապահության նախարարության մեկ այլ տեսչության հետ լուծարել և միացելով իրար՝ դարձնել Առողջապահության պետական տեսչություն։

«Ես որքանով հասկացա, բազմաթիվ լիազորություններ, որոնք ուներ աշխատանքի պետական տեսչությունը, դրանք ոչ միայն չեն հանձնվել այդ նոր ստեղծվելիք տեսչությանը, այլ ուղղակի մնացել են անորոշ վիճակում։ Իսկ այդ ֆոնի վրա, անպայման անհարժեշտություն է ստեղծվում ակտիվացնել Արհեստակցական միությունների դերը, որոնք Հայաստանում պասիվ են գործում: Եթե դիմեք իրավասու մարմիններ' պաշտոնական վիճակագրական տվյալներ պահանջելու համար, ապա կտեսնեք, թե որքան քիչ է արհմիությունների մասնակցությամբ դատական ներկայացուցչությունը: Նրանք այսպես ասած գործատուի համար դարձել են խոհանոցային մարմիններ»,- ասաց նա։
Թե կոնկրետ ի՞նչ քայլեր է կատարել ինքը նախարար եղած տարիներին, Գևորգ Պետրոսյանը մանրամասնեց. «Նախարարության առանձնացված ստորաբաժանումներից մեկը ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն էր, որը պետական հսկողություն և վերահսկողություն էր իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ»։

Նախկին նախարարը նաև նշեց, որ հետևողական է եղել հսկողության ժամանակացույցը ճիշտ իրագործելու և ամբողջական ու օբյեկտիվ ուսումնասիրություններ և ստուգումներ կատարելու համար, որպեսզի այդ խախտումները վեր հանվեն և մեղավորներն օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվեն։

Նրա խոսքով՝ բացի հսկողական միջոցառումներից, նաև օրենսդրական բազմաթիվ առաջարկություններ է պատրաստվել ներկայացնել ԱԺ՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

«Բայց քանի որ կարճ պաշտոնավարեցի, դրա համար դրանք մնացին որպես թղթին հանձնված ցանկություններ և չդարձան իրականություն»,- նշեց՝ ավելացնելով, որ այսօր ինքն այս ոլորտում նույնպես բուռն աշխատանքներ է տանում գիտական մակարդակով։

Ոլորտում խախտումների նման վիճակը փոխելու համար, ըստ Գևորգ Պետրոսյանի՝ պետք են համալիր օրենսդրական և կազմակերպչական միջոցառումներ:
«Անհրաժեշտ է վերականգնել արհմիությունների նախկին որոշ կարևոր լիազորություններ և գործառույթներ, պարբերաբար աշխատանքների իրավունքների պաշտպանության թեմաներով սեմինարներ կազմակերպվեն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ, այլ ոչ թե որոշ հաստիքային արհմիութենականներ պարբերաբար հանգրվանեն Ծաղկաձորի գեղատեսիլ վայրերում և մեկ-երկու «շաբլոն» մտահոգություններ ու սին հայտարարություններ հնչեցնելուց հետո աճապարեն ըմբոշխնել ամառային երեկոների հաճույքը»,– ասաց նա:

«Էլ չասեմ, որ արհմիություններն իրենց լրիվ ազատել են գոնե իրենց գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի միատեսակ մեկնաբանության գործին մասնագիտական միջամտությամբ նպաստելու մտահոգությունից»,- ընդգծեց նախկին նախարարը և ավելացրեց, որ անհրաժեշտ է օրենքի մակարդակով խրախուսվեն այն գործատուները, որոնց մոտ ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում աշխատանքային իրավունքների խախտումներ չեն հայտնաբերվում կամ քիչ են հայտնաբերվում և այլն։
Վերջում Գևորգ Պետրոսյանի հիշեցրեց, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ օրենսդրությունը հավասարապես տարածվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր գործատուների և աշխատողների վրա։
«Այսինքն՝ եթե պետությունը, օրենքը սահմանել է օրական ութժամյա աշխատանքային օր և 40-ժամյա աշխատանքային շաբաթ, դա վերևից (նկատի ունի' երկնքից – Tert.am) իջեցված որոշում չէ, դրա հիմքում ընկած են բազմաթիվ բժշկական, կենսաբանական նաև սոցիալական, հոգեբանական առանձնահատկություններ, օրինաչափություններ, պատճառներ, վերլուծություններ և այլն, ուստի պետք է հաշվի առնել, որ անձը կարող է նորմալ աշխատել 8 ժամ, որը ոչ միայն ի շահ տվյալ անձի է, այլ նաև հենց նույն գործատուի և հասարակության այլ անդամների»,- եզրափակեց նա։