
Առնվազն 15 մարդ է մահացել Հնդկաստանի Բիհար նահանգում, երբ ճեպընթաց գնացքը հարվածել է երկաթգծով անցնող մարդկանց, գրում է BBC News-ը:
Զոհերը, որոնց մեծ մասն ուխտավորներ են եղել, նոր էին իջել Դհամարա Գհատ կայարանում կանգ առած գնացքից և պատրաստվում էին քայլել Սահարսա թաղամասի տաճար, երբ հակառակ ուղղությամբ սլացող Rajya Rani Express-ը վրաերթի է ենթարկել նրանց:
Մահացածների թիվը հավանաբար կավելանա, քանի որ մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել:
Զայրացած ամբոխը հավաքվել է կայարանում և հարձակվել Rajya Rani Express-ի վրա՝ վառելով վագոններից մի քանիսը: Նրանք ծեծել են գնացքի վարորդին և պահակին:
Նման պատահարների պատճառով Հնդկաստանում վերջին հինգ տարիներին 1.220 մարդ է մահացել: