Քրդական հարցը չպետք է Հայաստանի ու հայերի կողմից բարձրացվի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը' խորհուրդ տալով չմոռանալ, որ Թուրքիայի քրդական հատվածը սիրահոժար մասնակցել է Հայոց ցեղասպանությունը:

 

«Քուրդ մոլլաները 1915 թվականին դիմել են իրենց հավատակիցներին ու ասել, որ եթե ուզում եք դրախտ ընկնել, առնվազն երեք, իսկ ավելի նպատաակահարմար է յոթ հայի սպանել: Ներկայում էլ մեր պատմական հայրենիքի տարածքների անցյալն են յուրացանում:

 

Բացի այդ, եթե մեր պատմական հայրենիքի տարածքում ստեղծվի քրդական պետություն, մեզ համար դժվար կլինի հավակնել դրանք վերադարձնելուն: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ պետություն դառնալուց հետո քրդերի հայամետ քաղաքականությունը չի վերանա, ընդհակառակը' կհակադրվեն, քանի որ գիտեն, որ Կարսը, Վասպուրականը հայկական տարածքներ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց թուրքագետը:

 

Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքի ճակատագրին' Հակոբ Չաքրյանը նշեց, որ այդ տարածքի, ինչպես նաև հյուսիսային Իրաքի քրդերն ունեն դե ֆակտո ինքնավարություն, ինչը Թուրքիային ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ձեռնտու չէ: «Քոբանի քաղաքը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի քրդերի համար: Իրաքյան Քրդստանի շրջանը դե ֆակտո անկախ է, դե ֆակտո ինքնուրույն են նաև Հյուսիասային Սիրիայի քրդական տարածքները:

 

Եթե Քոբանին ընկնի, սեպ է խրելու երկու քրդական հատվածների միջև: Սեպ խրվելու դեպքում Սիրիայի քրդերը լիովին կմեկուսանան, ու ահաբեկիչներին կհաջողվի նրանց ինքնավարությունը չեզոքացնել: Թուրիքայի ամբողջ ձգտումն այն է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը գրավի Քոբանին ու Հյուսիասային Սիրիայում չեզոքացնի քրդերի ինքնավարությունը համատեղ ուժերով»,- նշեց թուրքագետը:

 

Հակոբ Չաքրյանի պնդմամբ' եթե Հյուսիսային Սիրիայի քրդերը միանան Հյուսիսային Իրաքի քրդերին, ստեղծեն ամբողջական միավոր, կառաջանա Թուրքիայի քրդերի ինքնավարության հարցը: Այդ պատճառով էլ Թուրքիան ամեն գնով շահագրգռված է, որ Քոբանին ընկնի ու Հյուսիսային Սիրիայի քրդերի ինքնավարությունը չեզոքացվի:

 

Նրա խոսքով' «Իսլամական պետություն» խմբավորումը, որն աչքի է ընկնում իր վայրենությամբ, հավաքակայան ունի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, իսկ ահաբեկիչների ընտանիքները բնակվում են հենց Թուրքիայում, այսինքն' ստանում են լուրջ աջակցություն Թուրքիայի կողմից: Այս իսկ պատճառով Թուրքիայի ու Միացյալ Նահանգների շահերը հակադրվում են, քանի որ մի կողմից' ԱՄՆ-ն է, որ պայքար է տանում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, մյուս կողմից' Թուրքիան է, որ աջակցում է այդ խմբավորմանը: