Օգոստոսի 10-ից մեկնարկել է ԵԿՄ ամենամյա ուխտագնացությունն Արցախ: Մեր զրուցակիցն այդ առիթով ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն է:

- Պարոն Գրիգորյան, ո՞րն է այս ուխտագնացությունների նշանակությունը:

- Ուխտագնացությունների հիմքը դրվել է դեռ Արցախյան ազատամարտի օրերին, երբ մայրս, մեր զոհված ընկերների մայրերի եւ այրիների ուղեկցությամբ, այցելեց ռազմաճակատի առաջին գիծ: Մենք այն ժամանակ եւ պատերազմում էինք, եւ խաչքարեր, հուշակոթողներ կանգնեցնում մեր նահատակ ընկերների պատվին: Հիմա էլ, հրադադարի պայմաններում, մեր պարտքն է այցելել զոհված ընկերների պատվին կանգնեցված հուշարձաններին: Այս այցելությունները նաեւ հիանալի առիթ են, որ հանդիպեն մարտական ընկերները, հիշեն պատերազմական օրերը:

- Իսկ ուխտագնացության ժամկետն ի՞նչ սկզբունքով է ընտրվում:

- Ուխտագնացությունը մեկնարկում է մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Այնուհետեւ ուխտագնացներն անցնում են Հայաստանի բոլոր բնակավայրերով, բոլոր սահմանամերձ շրջաններով: Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ Երեւանի, Էջմիածնի, Արարատյան դաշտի պաշտպանությունն սկսվում է Տավուշից, Սյունիքից, Արցախից: Նույն կերպ էլ Տավուշի, Արցախի, Սյունիքի պաշտպանությունն սկսվում է Երեւանից, Էջմիածնից, Արարատից: Կոնկրետ Արցախ աշխարհում ուխտագնացները լինում են սեպտեմբերի 1-2-ին ընդառաջ, այսինքն՝ գիտելիքի օրվան եւ ԼՂՀ Անկախության օրվան ընդառաջ: Ի թիվս այլ նվերների՝ հաշմանդամի սայլակ, բժշկական պարագաներ, դեղամթերք, հեռուստացույց, համակարգիչ եւ այլն, մենք գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ ենք նվիրում Արցախի բոլոր առաջին դասարանցիներին: Եվ անչափ ուրախ ենք, որ Արցախում առաջին դասարանցիների թիվը վերջին 2 տարիներին աճում է:

- Ովքե՞ր են մասնակցում ուխտագնացությանը:

- Մասնակցում են ԵԿՄ բոլոր բաժանմունքների պատվիրակությունները, 5-րդ բրիգադի մարտիկներ, մասնակցում են մտավորականներ, ստեղծագործական խմբերը համերգներով են հանդես գալիս սահմանամերձ բնակավայրերի բնակչության համար, նաւե' զորամասերում' մեր սահմանապահ զինվորների համար: Ուխտագնացությանը մասնակցում են զոհվածների ծնողներ, հարազատներ, մասնակցում են պատանի ու երիտասարդ երկրապահներ: Հատկապես նոր սերունդի համար այս ուխտագնացությունները հայրենասիրության, հայրենաճանաչողության կենդանի դասեր են: Այս կերպ երիտասարդներն ու պատանիները նաեւ ճանաչում են հայրենիքի ամեն մի անկյունը, ամեն մի թուփը: Ձեզ եւս հրավիրում ենք' մասնակցեք, ինքներդ զգացեք ուխտագնացության շունչն ու ոգին եւ օբյեկտիվ լրատվությամբ փոխանցեք այն հանրությանը: