ԱԺ-ում Operativ.am-ի լրագրողի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձավ Ղարաբաղյան հարցին՝ Մաքսային միության անդամակցելու դեպքում և Մաքսային միությանը:


Operativ.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք Մաքսային միության անդամակցության դեպքում այդ կառույցը չի պահանջի մաքսակետ դնել Ղարաբաղի և Հայաստանի սահմանին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մեր նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ քաղաքական մոտեցում էր, որ մենք առաջարկում ենք մասնակից դառնալ Մաքսային միությանը: Դա դեռևս քննարկումների փուլ պիտի անցնի և կարծես թե մեզանում՝ քաղաքական դաշտում սկսվել է քննարկվել դեմ և կողմ պետք է լինեն և ես դրանում շատ դրական բան եմ տեսնում: Իսկ կապված Եվրոպայի հետ, մենք մեր գործառույթները չենք կասեցրել և ամեն ինչ պիտի անենք, որ Եվրամիության կառույցների լիիրավ անդամ դառնանք: Եվ եթե լինի շահեկան մի այլ վիճակ այլ պետությունների հետ, բնականաբար մեր քաղաքական ուղղությունը պիտի գնա այդ ուղով»:

 

Գալուստ Սահակյանը նշեց, որ Մաքսային միության դոկտրինայի մասին այսօր խոսելը շատ վաղ է, որովհետև առաջին շրջանում Հայաստանին նույնիսկ առաջարկ չեն արել Մաքսային միության անդամ դառնալու համար, պատճառն էլ եղել է այն, որ Հայաստանը սահմանակից չէ Ռուսաստանին: Սակայն պատգամավորը կարծում է, որ հնարավոր մոդելներ կստեղծվեն:

 

Գալուստ Սահակյանը նշեց, որ չկա դիվանագիտության մեջ այնպիսի կառույց, որն ամբողջովին դրական լինի: Հասարակության կողմից մտահոգություններն էլ պատգամավորը նորմալ է համարում, որը վերաբերում է Հայաստանի անկախությանը:

 

Գալուստ Սահակյանն ասաց. «Որևէ երկրի հետ համագործակցությունը Հայաստանի անկախության հաշվին չի լինելու: Իսկ ինչո՞ւ չպետք է լինեն այդ մտահոգությունները: Դրա համար պետք է ավելի լավ աշխատենք, շատ աշխատենք, և ես համոզված եմ, որ մեր քաղաքական ուժերի համագործակցության միջոցով հնարավոր է որևիցե լավ նպատակադրում ունենալ տվյալ հարցում:

 

Սահակյանն ամբողջական վտանգ է համարում հասարակությանը հասցվող տեղեկատվությունը. «Պատկերացրեք ամեն օր ժողովրդին ասեն, որ Հայաստանի վերջն է, Հայաստանի անկախությունը չի լինելու, մեր երկրից գնացողները շատ են, որ արդեն ծայրահեղ վիճակ է, որ ապագա չունի այս երկիրը, սա է իրական վտանգը, մնացած գործառույթները կարծում եմ ճիշտ ժամանակին լուծումներ կունենան»: