168.am Աբովյան քաղաքի մի խումբ բնակիչներ անհանգստացած են, քանի որ հնարավոր է՝ մանկապարտեզ հաճախող երեխաները նոյեմբերին մանկապարտեզ չհաճախեն: «Սա արդեն ավանդույթ է դարձել քաղաքում: Նախանցած տարի նույնպես երեխաները մանկապարտեզ չհաճախեցին, որովհետև քաղաքապետարանը գումար չէր հատկացնում մանկապարտեզներին, ու փաստորեն այդ տարի էլ կառուցվեց «Աբովյան» սուպերմարկետը:

 

Այս տարի էլ, երևի, սուպերմարկետի երկրորդ հարկն են ուզում կառուցել»,- ասում է Աբովյանի բնակիչ Վահե Խաչատրյանը: Հիշեցնենք, որ համայնքի մանկապարտեզներն ամբողջությամբ չեն հովանավորվում քաղաքապետարանի կողմից: Աբովյան քաղաքում մեկ երեխայի համար գանձվում է օրական 200 դրամ, և բժշկի կողմից թուղթը մանկապարտեզում էական նշանակություն չունի: «Աղջիկս 5 օր ջերմում էր, թույլ էր, և, բնականաբար, մանկապարտեզ չտարա:

 

Ամսվա վերջում վճարելիս իմացա, որ բժշկի կողմից տարված թուղթը ոչ մի նշանակություն չի ունեցել, և այդ 5 օրերի համար գումարը նույնպես գանձվելու է, ու քանի որ բանկային համակարգով ենք վճարումը կատարում, ապա էլ ոչինչ չես կարող անել»,- պատմում է Լուսինե Ադամյանը: Երեխաների մանկապարտեզ չհաճախելու հարցն առավել անհանգստացնում է աշխատող ծնողներին, որովհետև նրանցից շատերն այլընտրանք չունեն: «Իմ աշխատավարձը հազիվ բավարարում է որոշ կոմունալ վճարումներ անելու համար: Հարազատներից ոչ ոք չունեմ, ովքեր կխնամեին երեխային մինչև աշխատանքից վերադառնալս:

 

Փաստորեն, եթե երեխան չհաճախի մանկապարտեզ, ես պետք է թողնեմ գործն ու նստեմ տանը»,- ասում է Աննա Գևորգյանը: