Lragir.am Վերաքննիչ վարչական դատարանում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել բավական նշանակալից իրադարձություն: Պետական եկամուտների կոմիտեն պարտվել է ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանին: Խնդիրը Գրիգորյանի ներկրած մեքենայի մաքսազերծումն է:

 

Իրավաբանը մեքենան ներկրել է, ՊԵԿ-ին ներկայացրել ինվոյսները, բայց ՊԵԿ-ը չի ճանաչել դրանք եւ պահանջել է մեքենան մաքսազերծել ավելի թանկ հաշվարկով: Իրավաբանը չէր զիջեl, մեքենան ամիսներ շարունակ մնացել էր չմաքսազերծված, այսինքն անօգտագործելի, բայց իրավաբանն իր եւ իրավունքը պաշտպանել էր դատական կարգով: Վարչական դատարանը մարտի 15-ի վճռով իրավացի էր համարել ՊԵԿ-ին:

 

Եվ ահա Վերաքննիչ վարչական դատարանը կայացրել է այլ որոշում եւ բավարարել ուսանողի հայցը: Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է Պետական եկամուտների կոմիտեին պարտավորեցնել Սերգեյ Գրիգորյանի ներմուծած MERSEDES-BENZ մակնիշի մեքենան մաքսազերծել գործարքի գնի մեթոդով, այսինքն՝ 2000 դոլարով ավելի ցածր մաքսատուրքով, քան անցյալ տարվա մայիսին պահանջել էին մաքսային տեսուչները:
Վերաքննիչ վարչական դատարանը անվավեր է ճանաչել նաեւ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանի գրությունը:

 

Նա մերժել էր քաղաքացի Սերգեյ Գրիգորյանի դիմումը և որոշել էր, որ մեքենան պետք է մաքսազերծվի Մաքսային օրենսգրքի այն հոդվածով, որը նախատեսում է թանկ մաքսատուրք:
Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը շատերի համար է անակնկալ, թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանում արդարադատությունը միշտ էլ անակնկալ է: Բայց, տվյալ դեպքում խոսքն իսկապես նշանակալից վճռի մասին է, քանի որ ավտոմեքենաների մաքսազերծման կամայականությունների բախվում է ոչ միայն Սերգեյ Գրիգորյանը, այլ Հայաստան ավտոմեքենա ներկրողների զգալի մասը, ովքեր բնականաբար չունեն իշխանական ազդեցիկ հովանավոր կամ անձամբ ՊԵԿ ղեկավարության հովանավորյալը չեն:

 

Հայաստանում առանց այդ էլ մեքենաների մաքսատուրքը չափազանց բարձր է: Դրան հավելյալ, ՊԵԿ-ը շատ ու շատ ներկրողների համար փաստացի այն հասցնում է առաստաղին, թույլ չտալով նվազի հնարավորություն: Այսինքն, մեքենաների մեծ մասի ներկրման փաստաթղթերին ՊԵԿ-ը պարզապես չի հավատում եւ մաքսատուրքը սահմանում է շուկայական գնով: Այլ կերպ ասած, ՊԵԿ-ը կիրառում է կամայականություն: Իսկ եթե դա նույնիսկ հնարավոր է օրենքով, ապա փաստացի ստացվում է, որ օրենքով ՊԵԿ-ին տրված է կամայականության իրավունք:

 

Եվ սա մի երկրում, որը հայտարարում է իբր գործարար միջավայր բարելավելու եւ կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարի մասին:
Ուսանող իրավաբանն իր սկզբունքայնությամբ եւ համառությամբ կատարել է ոչ միայն զուտ իր անհատական իրավունքի պաշտպանության օրինակելի քայլ, այլ մի քայլ, որը պետության ապագայի համար կարող է ունենալ համակարգային նշանակություն:

 

Եթե իհարկե իշխող համակարգը Վճռաբեկ դատարանում չվերականգնի ՊԵԿ-ի անձեռնմխելիությունը: Վերաքննիչ վարչական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց: ՊԵԿ-ը այդ ընթացքում կարող է որոշումը բողոքարկել Վճռաբեկում: Եվ նկատի ունենալով գործի ընդգրկունությունը, ՊԵԿ-ը հավանաբար այդպես էլ կվարվի:

 

Իսկ քանի որ ՊԵԿ-ն ու նրա նախագահ Գագիկ Խաչատրյանը հանդիսանում են իշխող համակարգի անձեռնմխելիներից մեկը, որոնց թույլատրված է գրեթե ամեն ինչ, ապա մեծ է հավանականությունը, որ Վճռաբեկ դատարանը ոչ թե կվերհաստատի պետական արդարադատությունը, այլ կվերականգնի «համակարգային արդարադատությունը»:

 

Գագիկ Խաչատրյանին չհանձնեց պաշտոնատար անձանց էթիկայի համեմատաբար նորաստեղծ, բայց բավական պարապ հանձնաժողովը, մերժելով շահերի բախման վերաբերյալ Թրանսփարանսի Ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը: Դրանից հետո իհարկե զարմանալի է, որ օրինակ Վերաքննիչ վարչական դատարանում Գագիկ Խաչատրյանին հանձնեցին: Բայց երեւի այն վստահությամբ, որ Վճռաբեկը շատ արագ «կազատագրի» նրան օրենքի գերությունից:

 

Բայց, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանում կարող է խոսել մասնագիտական նախանձն ու արժանապատվությունը: Առավել եւս, որ ներկայում խոսում են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի փոփոխության հավանականության մասին, որից դժգոհ է իշխանությունը: Մկրտումյանը շանս ունի հեռանալ այնպես, որ գոնե հասարակությունը մի քիչ գոհ մնա:

 

Դե, իսկ եթե նա հեռանա մինչեւ ՊԵԿ-ի բողոքարկումը, ապա լավ մեկնարկի շանս է ստանում Վճռաբեկի նոր նախագահը: 

 

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ